Tuesday, 14 05 2024
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը

Երևանում տղամարդը սպանել է հարևանի երեխաներին «թարս» նայող ընկերոջը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ավարտվել է Հայկ Սուքիասյանի գործի դատական քննությունը:

Վարույթն իրականացնող մարմինը 57-ամյա Հայկ Սուքիասյանին մեղադրանք էր առաջադրել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Հայկ Սուքիասյանը՝ բարձրագույն կրթությամբ, այրի, վատառողջ, բնակվել է Երևանի Թումանյանի փողոցի բնակարաններից մեկում: Այս գործով նա կալանքի տակ է 2017 թվականի հունվարի 21-ից:

Նախորդ օրը՝ ժամը 20-ն անց 55-ին Հայկ Սուքիասյանի բնակարանում հայտնաբերվել էր Սարյան փողոցի բնակիչ Արմեն Ս.-ի դիակը՝ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վնասվածքներով:

Ըստ մեղադրանքի՝ Հայկ Սուքիասյանը երկար ժամանակ մտերմություն է արել նույն թաղամասում ապրող տուժողի՝ Արմեն Ս.-ի հետ: Նրանք հաճախ իրար հետ հանդիպել են: Հայկ Ս.-ն վատառողջ էր՝ հոդային, թոքային խնդիրներ ուներ, դժվարությամբ էր տեղաշարժվում, տանից հազվադեպ էր բացակայում:

Արմենը կենցաղային հարցերում օգնել է դժվարությամբ տեղաշարժվող Հայկին, նրանք միասին նաև ոգելից խմիչք են օգտագործել:

2017 թվականի հունվարի 20-ին նրանք, գտնվելով Հայկի բնակարանում, օղի են խմել: Ժամը 20-ն անց 30-ի սահմաններում Հայկ Սուքիասյանից «դրամական օգնություն ստանալու նպատակով» նրա տուն են այցելել հարևանի տղաները՝ Հակոբ Հ.-ն ու նրա 14-ամյա եղբայրը:

Վերջիններիս ներկայությամբ Հայկի ու Արմեն Ս.-ի միջև վիճաբանություն է եղել: Հայկը Արմենին ուղեկցել է շքամուտք ու ճանապարհել է տուն, ապա վերադարձել է իր բնակարան:

Մի քանի րոպե անց Արմեն Ս.-ն զանգել է Հայկի հեռախոսին, Հայկը չի պատասխանել: Նա իր բնակարանում գտնվող տղաներին ցույց է տվել մոխրագույն բռնակով դանակ ու այն դրել է բաճկոնի գրպանը:

Քիչ անց բնակարանի դռանն է մոտեցել րոպեներ առաջ հեռացած Արմեն Ս.-ն: Նա տանտիրոջից պահանջել է բացել դուռը, ոտքերով հարվածել է մուտքի դռանը, հայհոյանքներ է հնչեցրել:

Հայկ Սուքիասյանը, հարևանի տղաներին թողնելով տանը, դուրս է եկել շքամուտք, որտեղ վիճել է Արմեն Ս.-ի հետ: Նրանք իրար փոխադարձ հարվածներ են հասցրել:

Նրանց կռվին միջամտել են նույն մուտքի բնակիչ Ստեփանն ու Հայկի տանը գտնվող Հակոբը: Հաջողվել է կռվողներին բաժանել: Արմեն Ս.-ն կարծես թե հեռացել է, իսկ Հայկ Սուքիասյանը վերադարձել է իր բնակարան:

Բայց րոպեներ անց Արմեն Ս.-ն նորից է վերադարձել, հարվածներ է հասցրել Հայկի բնակարանի մուտքի դռանն ու բարձրաձայն հայհոյել է:

Հայկը դարձյալ դուրս է եկել բնակարանից: Հայկն ու Արմենը նորից վիճել են: Նրանց ձայներից Հակոբը դուրս է եկել շքամուտք այն պահին, երբ Հայկ Սուքիասյանը դանակով հարված է հասցրել Արմեն Ս.-ի կրծքավանդակի ձախ կեսին՝ նրան ծանր վնասվածքներ պատճառելով սրտապարկի ու սրտի ձախ փորոքի առաջնային պատի վիրավորումների ձևով:

Դրանից հետո, ըստ մեղադրանքի, Հայկ Սուքիասյանն իր կողմից դանակահարված Արմենին թևանցուկ է արել, քաշելով տարել է իր բնակարան, ապա Հակոբին է տվել հանցագործության գործիք դանակը, խնդրել է այն դեն նետել: Հակոբը դանակը թաքցրել է բնակարանի պատշգամբի ծաղկամանի հետնամասում:

Տեսնելով, որ Արմեն Ս.-ի վիճակը գնալով վատանում է, Հակոբը Հայկի հեռախոսով զանգել է իր եղբորը, խնդրել է շտապօգնություն կանչել, ինչից հետո Հակոբը ձեռքով փակել է անչափահաս եղբոր դեմքը՝ որ նա չտեսնի տուժողին ու աստիճանահարթակի վրայի արյունը, նրանք Հայկի բնակարանից հեռացել են:

Հակոբը ճանապարհին հանդիպել է իր ավագ եղբորն ու քրոջը, պատմել է, որ Հայկն իր բնակարանում մարդ է դանակահարել… Րոպեներ անց Հայկ Սուքիասյանի բնակարան է այցելել շտապօգնության բուժանձնակազմը, որն արձանագրել է Արմեն Ս.-ի մահը: Հայկ Սուքիասյանն իր բնակարանից էլ բերման է ենթարկվել ոստիկանություն:

Տուժողի իրավահաջորդը՝ Արմեն Ս.-ի քույրը հայտնել է, որ Արմենը մշտական աշխատանք չի ունեցել, ապրել է ծնողների հետ: Դեպքի օրը նա դուրս է եկել տանից՝ չասելով, թե ուր է գնում, և այլևս չի վերադարձել:

Գործով վկա Հակոբ Հ.-ն նախաքննության ժամանակ հայտնել է, որ շուրջ երեք տարի ճանաչում է Հայկ Սուքիասյանին: Դեպքի օրը կրտսեր եղբոր հետ նրա տուն էր գնացել՝ գումար խնդրելու: Հայկի բնակարանում հանդիպել են Արմեն անունով մեկին, ով Հայկի հետ խմել էր: Իրենց այցելությունից մոտ տասը րոպե անց Հայկի ու Արմենի միջև խոսակցություն է սկսվել, Հայկն Արմենին ճանապարհել է տուն: Գնալուց հետո Արմենը զանգել է Հայկի հեռախոսին, վերջինս չի պատասխանել:

Իրենց ներկայությամբ Հայկը բաճկոնի գրպանը մոխրագույն բռնակով դանակ է դրել:

Արմենը նորից եկել է Հայկի դռան մոտ, սկսել է հարվածել դռանը, հայհոյել: Հայկն ասել է, թե դուրս կգա ու նրան կճանապարհի: Ինքն ու եղբայրը մնացել են խոհանոցում: Բայց միջանցքից աղմուկ են լսել: Ինքը դուրս է եկել, տեսել է, որ Արմենն ու Հայկը հարվածում են իրար: Մի տղամարդ նրանց բաժանում էր: Ինքն էլ է բաժանել: Հայկը պահանջել է, որ ինքը մտնի բնակարան: Հարևանն էլ բարձրացել է վերևի հարկ, բայց նորից վիճաբանության ձայներ են լսվել: Ինքը մոտեցել է դռանը, բացել ու տեսել է, որ Հայկը աջ ձեռքով կտրուկ շարժում կատարեց Արմենի ուղղությամբ՝ նա իր մոտ եղած դանակով հարվածեց Արմենի կրծքավանդակի ձախ կեսին…

Հետո Հայկը Արմենին թևանցուկ է արել, ուղեկցել իր բնակարան: Ինքը նկատել է, որ Արմենի կրծքին արյունահոսող վերքեր կան:

Հայկն ասել է, թե Արմենին դանակով խփել է, նա իրեն է տվել դանակն ու խնդրել է դեն նետել: Ինքը դանակը թաքցրել է պատշգամբի ծաղկամանի հետնամասում…

Տուժողի՝ Արմենի հայրը, տեսնելով, որ Արմենն ուշանում է, զանգել է որդու և Հայկի ընդհանուր ընկերոջը՝ Էդուարդին, խնդրել է գտնել Արմենին: Էդուարդը Երևանում չէր, նա զանգել է Հայկին, հարցրել է՝ որտե՞ղ է Արմենը:

Ըստ Էդուարդի նախաքննական ցուցմունքի՝ Հայկն ասել է, թե Արմենն իր տանն է, ու նրա «հարցերը լուծված են»: Էդուարդը չի հասկացել՝ ինչ էր ուզում ասել Հայկը: Նա Հայկին խնդրել է Արմենին փոխանցել, որ հայրը նրան է փնտրում:

Ըստ նույն Էդուարդի դատաքննական ցուցմունքի՝ Հայկը իր հարցին՝ ո՞ւր է Արմենը, պատասխանել է, թե Արմենը ոտքերով իր դուռն է ջարդում, ինքը չգիտի՝ ինչ անի…

Էդուարդը պնդել է, թե ճիշտը հայտնում է դատարանում…

Դեպքի վայրի զննությամբ պատշգամբի ծաղկամանի հետնամասից հայտնաբերվել ու առգրավվել է հանցագործության գործիք ծալովի դանակը՝ արնանման հետքերով:

Դատարանը արձանագրել է, որ տուժող Արմեն Ս.-ն վրդովվել ու Հայկի հետ վիճել է այն պատճառով, որ նա ներս է հրավիրել իր բնակարան եկած Հակոբին ու նրա անչափահաս եղբորը, ավելին՝ Հայկը տղաներին առաջարկել է միանալ իրենց ու միասին հաց ուտել… Երբ Արմենը վրդովվել է, Հայկը Արմենին է դուրս է հրավիրել… Նրանց վեճը թեժացել է, Արմենը գնացել ու վերադարձել է…

Դատարանն արձանագրել է, որ Հայկ Սուքիասյանը հանցավոր արարքը կատարել է ալկոհոլի ազդեցության տակ գտնվելով, միևնույն ժամանակ՝ նրա գործողությունները պայմանավորված են եղել տուժողի հակաօրինական վարքագծով:

Հայկ Սուքիասյանը տվել է մասնակի խոստովանական ցուցմունքներ: Նա նշել է, որ Արմենը հաճախ էր գալիս իր տուն, երբեմն օգնում էր կենցաղային հարցերում, քանի որ ինքը տեղաշարժման հետ կապված խնդիրներ ունի, տեղաշարժվում է հաշմանդամի հենասայլակով:

Հայկ Սուքիասյանը տուժող Արմենին բնութագրել է որպես ալկոհոլի նկատմամբ հակվածությւոն ունեցող, այն չարաշահող, դյուրաբորբոք անձնավորության:

Ըստ Հայկի՝ դեպքի օրն ինքն ու Արմենը գնացել են «Փեթակ» տոնավաճառ: Ինքը Արմենի հորդորով գնել է ծալովի դանակ, չնայած դրա անհրաժեշտությունը չուներ:

«Փեթակից» վերադառնալով՝ Արմենի հետ գնացել են «Ջազվե» սրճարան: Արմենը ալկոհոլ է օգտագործել:

Երեկոյան եկել են իր բնակարան: Միասին ընթրել են: Քանի որ դեղ չուներ, խմել է Արմենի բերած օղուց մեկ բաժակ: Ինքը հազվադեպ է օղի օգտագործում: Արմենը մի շիշ «էժանագին, ցածրորակ» օղի էր բերել, նա էլ համարյա ամբողջ շիշը խմել է:

Որոշ ժամանակ անց ինքն Արմենին խնդրել է տուն գնալ, քանի որ իր տուն պիտի գար դուստրը, ինքը չէր ուզում, որ նա իրեն ու Արմենին տեսնի միասին: Այդ պահին դռան զանգը հնչել է: Արմենը, մտածելով, թե իր դուստրն է եկել, մտել է լոգասենյակ, որ դստեր հեռանալուց հետո դուրս գա: Բայց իր տուն էին եկել հարևանի երեխաները՝ նրանք իրենից գումար էին խնդրում:

Քանի որ ինքը մշտապես օգնում էր սոցիալապես վատ վիճակում գտնվող այդ երեխաներին, բայց այդ պահին գումար չուներ, նրանց ներս է հրավիրել, որ մի բան հյուրասիրի: Այդ պահին լոգասենյակից դուրս է եկել Արմենը ու ագրեսիվ տոնով բացականչել է՝ ինչի՞ ես էս բոմժերին ներս բերում…

Ինքը հանգստացրել է Արմենին, պահանջել է հանգիստ խոսել՝ ասելով, որ երեխաներն իր հարևաններն են: Արմենը չի հանդարտվել, նա «թարս» հայացքներ է գցել երեխաների վրա:

Ինքն այդ պահվածքի պատճառով նրան տանից դուրս է հրավիրել: Արմենը վիրավորված հեռացել է: Մոտ երեսուն րոպե հետո նա զանգել է, իր հասցեին հայհոյանքներ է տվել: Ինքն ի պատասխան նույնպես հայհոյել է:

Մի քանի րոպե անց Արմենը վերադարձել է իր դռան մոտ, գոռացել, հայհոյել, դռանը խփել է: Ինքը հարևանի երեխաներից պահանջել է տանից դուրս չգալ, քանի որ ցանկանում էր մենակ դուրս գալ ու Արմենին տուն ճանապարհել: Իրենց շենքի մոտ հերթապահում են այնտեղ ապրող նախարարի անվտանգության աշխատողները: Ինքը վախեցել է, որ աղմուկի վրա նրանք կմոտենան, կխուզարկեն իրենց ու իր գրպանում կգտնեն այդ օրը գնած ծալովի դանակը: Այդ պատճառով դանակը հանել է գրպանից, բայց տեսնելով, որ երեխաները նայում են դանակին, անհանգստանալով, որ կարող են այն վերցնել, դանակը նորից գրպանն է դրել ու դուրս է եկել շքամուտք:

Արմենը իրեն հայհոյել է, փորձել է հարվածներ հասցնել պտուտակահանի նման գործիքով, նույնիսկ իրեն վնասվածքներ է պատճառել: Հարևաններից մեկը այդ պահին բարձրանում էր աստիճաններով, նա փորձել է հանդարտեցնել Արմենին:

Ինքը փակել է դուռն ու տուն է մտել: Բայց Արմենը վերադարձել ու սկսել է ջարդել մուտքի դուռը, հայհոյել:

Երբ ինքը բացել է դուռը, Արմենը հարձակվել է, իրեն գցել է գետնին, ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել: Դրանից իր տեսողությունը վատացել է:

Գետնին ընկած ժամանակ ինքը նկատել է, որ գրպանի դանակն ընկած է կողքին: Վերցրել է դանակը, հետո փորձել է Արմենին հետ հրել: Բայց տուն մտնելուց հետո նկատել է, որ դանակի ծայրը արյունոտ է: Ենթադրել է, թե իր վնասվածքներից է արյունոտվել: Դանակը տվել է իր տանը գտնվող Հակոբին: Նկատել է, որ աստիճանահարթակի վրա գտնվող Արմենը պատին հենվելով՝ նստել է գետնին: Ինքը նրան ձայն է տվել, գոռացել է, բայց նա չի արձագանքել: Հակոբի օգնությամբ նրան ներս է տարել, հանել է վերարկուն: Նկատել է, որ նրա շորերն արյունոտ են, մարմնին ծակած վերք կա: Հակոբին խնդրել է շտապօգնություն կանչել: Բժիշկները որ եկել են, Արմենը դեռ ողջ էր: Րոպեներ անց են բժիշկներն ասել, որ Արմենը մահացավ:

Ամբաստանյալը պնդել է, թե չի հասկացել՝ ինչպես է կատարվել դեպքը: Այդ ամենը զուտ պատահականության արդյունք է: Ինքը չի ցանկացել կյանքից զրկել Արմենին, զղջում է կատարվածի համար: Ինքը փորձել է հատուցել տուժողի ընտանիքի ծախսերը, նրանք հրաժարվել են:

Դատարանում վկա Հակոբը նշել է, թե Արմենի ձեռքին՝ Հայկի հետ կռվելու ժամանակ, պտուտակահանի նման գործիք կար, նա Հայկի դեմքին վնասվածքներ էր պաճառել դրանով, Հայկին ասում էր՝ քեզ կմորթեմ, կսպանեմ…

Վկան նշել է, թե պնդում է դատարանում տված ցուցմունքը, որտեղ հայտնել է դեպքի իրական մանրամասները…
Հայկի ու Արմենի վիճաբանությունը դադարեցնելու փորձ արած հարևանը պնդել է, թե կողմերից ոչ մեկի ձեռքին որևէ առարկա չի տեսել: Բայց չի բացառել, որ նրանց ձեռքում ինչ-որ բան լիներ, ու ինքը չնկատեր…

Դատարանը հանգել է եզրակացության, որ Հայկ Սուքիասյանի արարքը նախաքննական մարմնի կողմից ճիշտ չի որակվել, այն չի համապատասխանում դիտավորյալ սպանությանը:

Դատարանն ապացուցված է համարել, որ Հայկ Սուքիասյանը դիտավորությամբ տուժողի առողջությանը ծանր վնաս է հասցրել, ինչի արդյունքում տուժողը մահացել է:

Դատարանը վերաորակել է Հայկ Սուքիասյանի արարքը, նրան մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի ոչ թե 104 հոդվածի 1-ին մասով, այլ 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով:

Հայկ Սուքիասյանը դատապարտվել է 6 տարի ազատազրկման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում