Գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայությունը մայիսի 31-ին փակել էր ԳՈՒՄ-ի շուկայի հարևանությամբ գործող մսի պասաժը։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, բոլոր տաղավարները փակվել էին սանիտարական չափանիշներին չհամապատասխանելու պատճառով։
Սննդի անվտանգության պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Բաբկեն Պիպոյանը «Առաջին լրատվական»-ին հայտնեց, որ ստուգումները մսի շուկայում շարունակվում են, և երեկ պասաժի տաղավարներից մի քանիսը նորից ստացել են միս վաճառելու թույլտվություն։ «Նրանք շտկել են թերություններ, այժմ ունեն տաք ու սառը ջուր, միսը վաճառում են սառնարանից, միսը կտրելու համար համապատասխան պայմանները ունեն»,- ասում է Բաբկեն Պիպոյանը և հավելում, որ այս պայմանները ունենալու դեպքում կվերաբացվեն բոլոր կրպակները։