«Ժառանգություն» կուսակցության ղեկավար կազմում օրերս լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել: Կուսակցությունը նոր վարչություն է ձևավորել, որի նախագահ է ընտրվել Արմեն Մարտիրոսյանը: Կուսակցության փոխնախագահ է ընտրվել Սուսաննա Մուրադյանը, իսկ կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը՝ քաղաքական խորհրդի պատասխանատու:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Արմեն Մարտիրոսյանն ընդգծեց՝ կուսակցության վարած քաղաքականությունը չի փոխվի. «Այն ծրագիրը, որ գոյություն ունի, և այն սկզբունքները, որոնց շրջանակներում գործել է «Ժառանգությունը», ինձ ամբողջովին հոգեհարազատ են։ Մեր ծրագրային դրույթները միտված են երկրում արմատական փոփոխություններ իրականացնելուն, ինչը, որպես քաղաքացի, որպես քաղաքական գործիչ, իմ առաջնահերթ ցանկությունների մեջ է։ Ուստի այդ առումով փոփոխություն չի լինի»։
Միևնույն ժամանակ Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ այս փոփոխություններով արտառոց որևէ բան փնտրել պետք չէ. տեղի է ունեցել ռոտացիա: ««Ժառանգությունը» երբեք պասիվ չի եղել, որ հիմա էլ այս փոփոխությունների արդյունքում ակտիվանա։ Մենք միշտ եղել ենք պայքարի առաջնագծում, անկախ նրանից՝ այդ առաջնագիծը բացառապես մե՞նք ենք ձևավորել, այլ գործընկերնե՞ր են այդ պահին օրակարգ առաջ տարել, թե՞ միասնական պայքար է եղել։ Միշտ առաջնագծում ենք եղել և մնալու ենք։ Ռոտացիա է եղել, ինչը ես դրական եմ գնահատում։ Եթե այլ կուսակցություններում ևս այդ ժողովրդավարական սկզբունքը պահպանվեր, երկրում այդ համակարգը լիներ, մենք այս իրավիճակում չէինք հայտնվի։ Շատ նորմալ քաղաքական գործընթաց է , առանձնահատուկ իրավիճակ չկա»,- եզրափակեց նա։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:











































