Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երրորդ անգամ ընտրվելիս ռեալ մրցակցի չի բախվել: Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, այս մասին CNN-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան:
Բրայզայի խոսքերով՝ նախագահ Իլհամ Ալիևն իրականում մեծ համբավ է վայելում երկրում:
«Երկու տարի առաջ, երբ ես Ադրբեջանում ԱՄՆ դեսպանն էի, անկախ հարցումները ցույց էին տվել, որ Ալիևի գործունեությունը հավանության է արժանացել բնակչության 83-86%-ի մոտ: Այս թվերը, հավանաբար, աներևակայելի են արևմտյան քաղաքական առաջնորդի համար, սակայն դրանք արտացոլում են աջակցությունը, որը նա ունի»,- ասել է Բրայզան:
Նրա խոսքերով՝ Ադրբեջանը զգալի տնտեսական հաջողությունների է հասել, սակայն դրա հետ մեկտեղ պահպանվում են մի շարք խնդիրներ: Նա նշել է, որ երիտասարդ ադրբեջանցիները բավարարված չեն մենաշնորհային համակարգից:
«Facebook-ի ակտիվիստները և լրագրողները, որոնք կառավարության հրաժարականի կոչ են անում, հաճախ հանդիպում են ճնշումների, պահպանվում է կոռուպցիան, այդ թվում՝ կրթության և առողջապահության ոլորտում»,- նշել է Բրայզան:
Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ը և Եվրոպան չպետք է Ադրբեջանին հանեն ցուցակներից, այլ փորձեն հասնել ներդրումների ընդլայնմանը, որոնք նրանք կիսում են ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող այս երկրի հետ:
Բրայզան նշել է, որ Ադրբեջանը կարևոր դերակատարում ունի անվտանգության ապահովման, ահաբեկչության դեմ պայքարի ոլորտնեորւմ, բացի այդ՝ էներգետիկ խոշոր գործընկեր է, որը եվրոպական և համաշխարհային շուկաներ է մատակարարում օրական շուրջ 700 հազար բարել նավթ:











































