Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը մեկնել է Շվեյցարիա: ԱԽ քարտուղարի այցելություններին չարժեր առանձնակի կարևորություն տալ իհարկե, բայց շվեյցարական այցը տեղի է ունենում մի շատ հետաքրքիր հրապարակումից հետո, որ լույս տեսավ թուրքական «Թըդեյ Զաման» օրաթերթում: Թուրքական պարբերականը գրում էր, որ պաշտոնական Անկարան դիմել է Շվեյցարիային՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում Հայաստանին, այսպես ասած, սեղանի շուրջ բերելու համար:
Ինչպես հայտնի է, Շվեյցարիան հանդիսացել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման միջնորդ և ըստ էության մինչև այսօր էլ հանդես է գալիս այդ կարգավիճակով, թեև գտնվում է հարկադիր պարապուրդում: Սակայն այս պարապուրդն էլ ըստ էության հարաբերական է, ինչպես վկայում է Արթուր Բաղդասարյանի այցը: Այսինքն` շատ հավանական է, որ Շվեյցարիան անսացել է թուրքական առաջարկին և փորձում է կապ հաստատել Երևանի հետ և ինչ-որ բան առաջ մղել հայ-թուրքական հարաբերություններում:
Եվ այստեղ ուշագրավ է այն, որ թուրքական պարբերականը գրել էր, որ Թուրքիան այս ամենով հանդերձ` պայման է շարունակում համարել ղարաբաղյան տարածքների վերադարձը՝ յոթ շրջաններից գոնե հինգը: Իսկ բառացիորեն նախօրեին էլ Թուրքիայի վարչապետ Էրդողանը, Անկարայում ընդունելով Ադրբեջանի նախագահ Ալիևին, հայտարարել է, որ Ղարաբաղի հիմնախնդիրը Թուրքիայի հիմնախնդիրն է: Այս ընթացքում Սերժ Սարգսյանը գտնվում է Ղարաբաղում, որտեղ բավական երկարատև աշխատանքային այց է ունենում և մանրամասն զննում զինված ուժերը: Մեծ է հավանականությունը, որ նոյեմբերի վերջին էլ տեղի կունենա Սարգսյան-Ալիև հանդիպումը:
Այն, որ Արթուր Բաղդասարյանը մեկնում է Շվեյցարիա, վկայում է, որ պաշտոնական Երևանն առնվազն դեմ չէ Թուրքիայի հետ հարաբերությունների մասով ինչ-որ բաներ քննարկելուն: Թե արդյոք քննարկվում են այդ բաների շարքում տարածքների վերադարձի հետ կապված հարցեր` դժվար է ասել: Սակայն Թուրքիայի համար Ադրբեջանի տարածքներն, իհարկե, այս պահին այնքան էլ կարևոր չեն, այլ կարևոր է Հայաստանի հետ որևէ գործընթաց սկսելը, որպեսզի այդ գործընթացի միջոցով փակվեն միջազգային հանրության այն բերանները, որոնք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին կարող են սովորականից ավելի շատ տհաճ հարցադրումներ անել Թուրքիային: Ի դեպ, սա պետք է նաև այդ բերաններից շատերին, քանի որ նրանց համար էլ ցանկալի կլինի ունենալ մի թել, որից կախվելով նրանք կկարողանան ձեռնպահ մնալ Թուրքիայի հանդեպ գործողություններից կամ արդարացումներ գտնել այդ գործողությունները չկատարելու համար:
Ի վերջո, ակնհայտ է, որ 100-րդ տարելիցին ընդառաջ համաշխարհային քաղաքականության մեջ Հայոց ցեղասպանության գործոնի ուժգնացման հեռանկարները այնքան էլ մեծ չեն, հատկապես այն բանից հետո, երբ Հայաստանը ցույց տվեց իր քաղաքական անվստահելիությունը ողջ աշխարհին: Այդ դեպքում, բնականաբար հարց է առաջանում միջազգային հանրության մոտ, թե հանուն ինչի պետք է փոխեն հայկական գործոնի սովորական կարգավիճակն ու ռեժիմը 2015-ին ընդառաջ:
Հայաստանի մտքով իսկ չէր կարող անցնել մերժել հայ-թուրքական կարգավորման թուրքական բլեֆները, որովհետև այսօր պաշտոնական Երևանի համար գերխնդիր է Արևմուտքին քաղաքականապես հաճոյանալն ու հարաբերությունների բարելավման եզրեր գտնելը հիասթափված Արևմուտքի հետ: Իսկ իշխանությունների համար տվյալ պարագայում սա է կարևորը, ոչ թե Հայաստանի շահերը կամ ինչ-որ սկզբունքային ու գաղափարական մոտեցումներ 2015-ին ընդառաջ:
Լուսանկարը՝ Photolure-ի










































