Այն բանից հետո, երբ հանրահայտ դերասան Կիանու Ռիվզի սիրելին՝ ռեժիսոր Դևիդ Լինչի օգնական Ջենիֆեր Սայմսը 2001-ին մահացավ ավտովթարից, դերասանը ոչ ոքի հետ լուրջ հարաբերություններ չի ունեցել: Չնայած նրան սիրավեպեր են վերագրել Ամանդա դե Քադենի և Շարլիզ Թերոնի հետ, Կիանուն ինքը դա չի հաստատել:
Ռիվզն ընդունել է, որ հիմա Սայմսի կորստի վիշտը հանդարտվել է, և ինքը նորից պատրաստ է սիրահարվել ու ամուսնանալ: Հարկ է նշել, որ այս տարի 47 տարեկան դարձող դերասանը երբեք ամուսնացած չի եղել:
«Ես հաճախ եմ ժամադրությունների գնում: Եվ սպասում եմ, խնդրում եմ ճակատագրին ինձ իսկական սեր ուղարկել: Փորձում եմ երկար ժամանակ միայնակ չմնալ: Սա ինձ համար կենաց-մահու պայքար է: Ես կցանկանայի ամուսնանալ, կուզեի երեխաներ ունենալ: Բայց դա երկար ու բարդ ճանապարհ է, կարծես ես չափազանց բարձր սար բարձրանամ: Ես անպայման կհասնեմ դրա կատարին»,- «7 Дней» ամսագրին տված հարցազրույցում պատմել է Կիանուն:
Դրա հետ մեկտեղ Ռիվզն ընդունել է, որ շատ արագ է հայտնվում կանանց հմայքի ազդեցության տակ: Դերասանին ամենից շատ դուր է գալիս կանանց ստիպել ծիծաղել:
«Աշխարհում ավելի գեղեցիկ բան չկա, քան ծիծաղող կինը: Միշտ հետաքրքիր է բացահայտել կնոջը, դա այնքան մեծ հաճույք է. աստիճանաբար բացահայտել նրա խորությունը, բոլոր արժանիքները…»,- ասել է աստղը:









































