«Գրիշա Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործը նոր ընթացք է ստանում: ՄԻԵԴ-ի վճռի համաձայն՝ Հայաստանի ժողովրդական կուսակցության նախկին անդամ, ընդդիմադիր Գրիշա Վիրաբյանը ենթարկվել է խոշտանգումների:
Այս ամենի հետ կապված՝ սեպտեմբերի 6-ին ներկայացվել է վճռաբեկ բողոք՝ նոր հանգամանքով: Վճռաբեկ դատարանն էլ թեկուզ 60 օր ուշացումով, այդուհանդերձ վարույթ է ընդունել «Սիրունյան» իրավաբանական գրասենյակի ներկայացրած՝ Գ. Վիրաբյանի վերաբերյալ հարուցված քրեական գործը նոր հանգամանքների հիման վրա վերանայելու վերաբերյալ բողոքը:
Հաշվի առնելով հատկապես ընդդիմադիր գործիչների վեաբերմունքը ՀՀ դատական ատյանների կայացրած վճիռների վերաբերյալ՝ «Առաջին լրատվական»-ը Գրիշա Վիրաբյանից հետաքրքրվեց, թե ինչ ակնկալիք ունի Վճռաբեկ դատարանից: «Ակնկալիքներ ունեմ, բայց ոչ նրա համար, որ Հայաստանի դատական ատյանները կատարում են իրենց պարտականությունները որպես պետական կառույց և արդարություն են պաշտպանում: Պարզապես գործը գտնվում է Եվրադատարանի և նախարարների խորհրդի վերահսկողության տակ, և Հայաստանի իշխանությունը խույս տալու տեղ չունի: Իրենք ինչքան էլ ուշացնեն, միևնույն է՝ լսելու են գործը, և ես հասնելու եմ արդար դատավճռի»,- պատասխանեց Վիրաբյանը:
Նա հավելեց, որ սա իր կամակոր ցանկությունը չէ, պարզապես ինչպես առաջին օրվանից ասել է՝ հասնելու է նրան, որ Հայաստանում գոնե մեկ անգամ արդարություն հաստատվի: Նրա խոսքով՝ դա հույս կներշնչի բոլոր նրանց, ովքեր հույս չունեն, որ Հայաստանում կարելի է հասնել արդարության:
«Ցանկացած մարդ պետք է իր լուման ունենա և պահանջատեր լինի իր և մյուսների իրավունքների համար: Պատկերացրեք, ես 2004 թվականից այս գործի համար եմ պայքարում: Իմ կյանքը շեղվեց հունից, ես պարտավոր եմ այս գործը մինչև վերջ տանել՝ հոգեկան բավարարվածություն ստանալու համար․ դա իմ կյանքի իմաստն է դարձել:
Ես չգիտեմ, շատ վատ եմ զգում, գիտեմ, որ վիճակը շատ վատ է, գիտեմ, որ տարբեր հանգամանքներ կան, բայց ոչ մի բան ինձ չի հանգստացնում: Այսօր ես տեսնում եմ, որ նույն անօրինականությունները կատարվում են տարբեր մարդկանց նկատմամբ, որոնց հետ ճանապարհ ենք անցել: Շատերը չդիմացան, շատերը մինչև հիմա պայքարում են, անում են իրենց հնարավորությունների սահմաններում կամ դրանից դուրս: Հիմա ինձ հնարավորություն է ընձեռված իմ պայքարի միջոցով գոնե մի գործ մինչև վերջ հասցնել, ես դա համարում եմ իմ կյանքի հիմնական նպատակներից մեկը, որ ես կարողանամ պատվով կանգնել այն մարդկանց առաջ, ովքեր առաջին օրվանից ինձ մեղադրում էին, որ ես կարող եմ ծախվել, որ ես ընդդիմադիր չեմ, որ ես դա անում եմ իշխանություններին օգնելու համար»,- ընդգծեց նա:
Մեր զրուցակիցը նշեց, որ այս գործի շրջանակներում ինքը բազմաթիվ բարոյական զրկանքներ է կրել տարբեր մարդկանց վերաբերմունքից և հիմա ուզում է նաև նրանց պատասխանել․ «Լինեն նրանք թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության մեջ, մանավանդ այս օրերին, երբ ընդդիմությունն ու իշխանությունը իրարից ընդհանրապես չեն տարբերվում․․․ ես իմ գործն եմ ուզում շարունակել իմ խղճի առաջ մաքուր մնալու համար»:
Հարցին, թե ո՞վ է, իր գնահատմամբ, թիվ մեկ մեղավորն այս գործում, ընդդիմադիր գործիչը պատասխանեց․ «2004 թվականին, այդ միջադեպի երկրորդ, երրորդ օրը, ինչպես նաև հետո՝ մայիսին, երբ այդ գործը քննվում էր, հունիսին ես չգիտեի այդ գործի ընթացքը ինչ հունով կգնա, ես այդ ժամանակ շատ օբյեկտիվ ձևով տալիս էի Աշոտ Կարապետյանի անունը: Այնպես չէ, որ հիմա եմ շոշափում այն բանի համար, որ նա բարձր պաշտոնի է: Ես երբեք չեմ ուզի, որ իմ արյունը թափելու համար մեկ ուրիշ անմեղ մարդ մեղադրվի, իմ արյունը թափողները կոնկրետ մարդիկ են և կոնկրետ մարդիկ էլ պետք է պատասխան տան:
Ես առաջին օրվանից իմ տված բացատրությունների, առերեսման ընթացքում՝ Արտաշատի ոստիկանների և հատկապես Աշոտ Կարապետյանի անունը տվել եմ, հատկապես նրա հարվածներից հետո ես ինձ շատ վատ եմ զգացել, կորցրել եմ գիտակցությունս: Ես չգիտեի, որ Աշոտը կարող է Երևանի ոստիկանապետ դառնալ, որ հիմա էլ նրանք ասեն, թե ես բարձրաստիճան պաշտոնյայի հետևից եմ ընկել»:
Վիրաբյանի փոխանցմամբ՝ Աշոտ Կարապետյանի անունը հիմա անցնում է Եվրադատարանի կայացրած որոշման մեջ, ընդդիմադիր գործիչը մատնանշել է հանցագործություն կատարողին և բազմից փաստել, որ օբյեկտիվ քննություն չի կատարվել. «Հիմա իմ նպատակն է, որ օբյեկտիվ քննություն կատարվի, ինչո՞ւ են վիրահատությունից հետո իմ վրա հետին թվով կեղծ գործ հարուցել, երբ հերթապահ ոստիկանի մատյանում ազատ տեղ չի եղել, որ նշի, թե ես զենք եմ կրել, գրանցել են 17․05 րոպե-ի վրա: Ապրիլի 14-ին, ժամը 17․00-ին իբր թե ահազանգ է եղել իմ զենք կրելու մասին, սակայն ժամը 14-ին ինձ արդեն առաջին օգնություն են ցուցաբերել:
Բացի այդ, ինձ ոստիկանություն են տարել ոչ թե զենք կրելու կասկածանքով այլ զրույցի, ոստիկանությունում սադրանքի ենթարկելուց հետո երբ արդեն պետք էր գործ հարուցել, հետին թվով նշեցին, թե իբր անհայտ քաղաքացին իրենց զանգել, ասել է, որ ես ժամը 17-ին զենք եմ կրել ու զենքով մասնակցել հանրահավաքներին և հիմա էլ զենքով կանգնած եմ Արտաշատի հրապարակում»:
Վիրաբյանը մեղավոր է համարում նաև այն դատավորներին, որոնք այսքան տարի շարունակ արդար դատաքնություն չեն իրականացրել․ «Ես առաջին հերթին մեղադրում եմ հանրապետության իշխանությանը՝ Ռոբերտ Քոչարյանին, մեղադրում եմ Հովիկ Աբրահամյանին: Այս իշխանությունները երկրի պետական բյուջեից 31․000 եվրո վճարեցին ինձ Հովիկ Աբրահամյանի պատճառով:
Երկրորդ օրը ոստիկանության մարզային վարչության պետ Հունան Պողոսյանը, որին շատ եմ հարգում, հարց է բարձրացրել, որ ոստիկաններին պատժեն ինձ հետ այդպես վարվելու համար, իսկ մեղավոր ոստիկանները դիմել են Հովիկ Աբրահամյանին՝ ասելով, թե քո հրահանգով ենք արել՝ մեզ պաշտպանի:
Հովիկ Աբրահմայանը գնացել է Ռոբերտ Քոչարյանի մոտ և ասել, որ ես Ռոբերտ Քոչարյանին «մեր եմ հայհոյել», որի պատճառով ոստիկաններն այդպես են ինձ հետ վարվել: Ռոբերտ Քոչարյանն էլ քաղաքական որոշում է կայացրել, որ ես եթե իրեն «մեր եմ հայհոյել» , ուրեմն ոստիկանները ճիշտ են վարվել»:
Գրիշա Վիրաբյանը պնդում է, որ այս գործում կա քաղաքական ենթատեքստ: Նրա դիտարկմամբ՝ Արտաշատում կատարված ցանկացած հանցագործություն կատարվում է Հովիկ Աբրահամյանի հրահանգով․ «Նա է տնօրինում մարզը և որպեսզի հանցագործ ոստիկանները չպատժվեն՝ նա խաբել է Ռոբերտ Քոչարյանին, որն էլ կայացրել է քաղաքական որոշում»:
Հավելենք, որ այս գործից հետո ՀԺԿ նախկին անդամ Գրիշա Վիրաբյանը դիմելու է եվրոպական կառույցներին, որպեսզի Հովիկ Աբրահամյանին և գործով անցնող մյուս մեղավորներին զրկեն Շենգենյան վիզա ստանալու իրավունքից:







































