Թուրք պատմաբան Շյուքրյու Ըլըջաքը հայատառ թուրքերենով գրված նամակների ուսումնասիրության արդյունքում ցույց է տվել, որ թուրքական պաշտոնական պատմագրությունը ամենևին էլ չի արտացոլում Օսմանյան կայսրությունում բնակված հայերի վերաբերյալ իրական պատկերը:
Այս մասին հայտնում է թուրքական gazeteduvar կայքը:
Շյուքրյու Ըլըջաքը գիտական ուսումնասիրության է ենթարկել Կեսարիայի հայ ընտանիքներից Քոջայան ընտանիքի հայատառ թուրքերենով գրված ընտանեկան նամակները:
«Թուրքական պաշտոնական պատմագրությունը հայերին ներկայացնում է որպես զենքը ձեռքին թուրքերին սպանելու երդում տված ինչ-որ հրեշների, որոնք ապստամբում էին պետության դեմ: Պաշտոնական պատմագրության մեջ ներկայացվում է, որ հայերն են մեղավոր իրենց հետ կատարվածի համար: Այս նամակների ուսումնասիրությունը, սակայն, ցույց է տալիս, որ այդ ամենը չի համապատասխանում իրականությանը և որ հայերն էլ իրական կյանքի իրական մարդիկ են, նրանք էլ են հիվանդանում, սիրում, ատում, մտահոգվում ձմեռվա սննդի պաշար հավաքելու համար, ջանք թափում իրենց երեխաներին կրթության տալու և պարտքերը մարելու համար»,-նշել է պատմաբանը:







































