ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի թիվ մեկ խնդիրը Սերժ Սարգսյանի վերարտադրությունը թույլ չտալն է: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը ընդդիմադիր տրամաբանության տեսակետից սա բնական է համարում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց՝ քանի որ ընտրություններ առջևում չկան, ընտրական օրակարգ չկա, և հիմա «Ելք»-ը փորձում է տեղավորվել մեկ այլ օրակարգում:
«Կարծում եմ՝ թե՛ «Ելք»-ը, թե՛ «Ծառուկյան» դաշինքը ընդհանրապես մինչև վերջերս էլ փորձում էին հիմնականում ոչ թե սեփական օրակարգ ձևավորել, այլ տեղավորվել ներիշխանական հնարավոր ինտրիգների օրակարգում՝ փորձելով ինչ-որ չափով հայտարարությունների միջոցով հասկացնել իշխանության այս կամ այն թևին, որ ցանկության դեպքում կարող են որևէ կերպ մասնակցել այդ պրոցեսին և հնարավոր զարգացումների պարագայում կարող են ունենալ շարունակություն՝ քողարկված կամ չքողարկված պայմանավորվածությունները»,- ասաց քաղտեխնոլոգը:
Նրա խոսքերով՝ Սերժ Սարգսյանի վերարտադրությունը թույլ չտալու կարգախոսում որևէ օրիգինալություն չկա. «Ցանկացած ընդդիմություն միշտ մաքսիմում կարգախոսներով է հանդես գալիս: Եթե չլինի հանրային աջակցություն, «Ելք»-ը չունի ներիշխանական վերաբաշխման պրոցեսում իրական ռեսուրս»։
Ամբողջությամբ՝ տեսանյութում:










































