«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը, խոսելով Շանթ Հարությունյանի կատարած գործողությունների մասին, նշեց, որ չի կարծում, թե բողոքի բոլոր տեսակները ողջունելի են: Ըստ նրա՝ սա անձի, անհատի ճգնաժամային բողոքն էր: Շանթ Հարությունյանի ողջ կենսագրությունը ցույց է տալիս, որ նա շոշափում է իդեալների խորտակման թեման, և այդ իդեալների խորտակման համար է նա իր անձը դնում:
«Լավ կյանքից չէ, որ նման բողոքներ են լինում, սա քաղաքական անտեսվածության բողոք է: Կան բողոքի տարբեր դրսևորումներ: Ցավում եմ, բայց քիչ են Հայաստանում այն մարդիկ, ովքեր ի նշան բողոքի՝ կարող են իրենց կոշիկը թողնել մայթեզրին: Սա գերէմոցիոնալ բողոք էր, այն իրական վտանգ չէր պարունակում»,- ասաց նա:
Անուշ Սեդրակյանի խոսքով՝ Հայաստանը Շանթ Հարությունյանի նման մարդկային կապիտալ քիչ ունի: Ի՞նչ զարգացումներ կհետևեն. ըստ նրա՝ սպասվում է ավելի հզոր բողոքի ակցիա, քան զանգվածային արտագաղթն է: «Երբ մենք գալիս-հասնում ենք արտագաղթի պարամետրերին, հասկանում ենք, որ չմասնակցությունը երկրի գործերին ավելի վատ է, քան այս տիպի մասնակցությունը, երբ ակնհայտ է, որ մարդը մտահոգված է իր երկրի ճակատագրով»,- ասաց նա:
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը նշեց, որ մտածել է, թե քանի մարդ կա Հայաստանում, որ չէր ուզում Շանթ Հարությունյանի արածն անել:
Հասարակական և հանրային կյանքի խաթարումները մի կողմից՝ պաշտպանված են, մյուս կողմից՝ անպաշտպան: Շանթի արածը ճիչ էր, թե՝ այլևս չի կարող այսպես շարունակվել: Քանի՞ մարդ գիտեք, որ շնչահեղձ չի լինում՝ հարց հնչեցրեց Հրանուշ Խառատյանը՝ հավելելով, որ Շանթ Հարությունյանի արածը էմոցիոնալ պոռթկում էր:
Նա նշեց, որ եթե Շանթին պետք է դատեն, դա կանդրադառնա նրա կոչերի մոտիվացիային. պետք է հասկանանք, թե ինչուէ առողջ, նվիրված մարդը հասել նման գործողությունների:
Արդյոք առո՞ղջ էր Շանթ Հարությունյնաը նման քայլ անելիս՝ հարցին նա պատասխանեց. «Ամենաառողջ մարդուն կարող են տանել և ասել, որ նա առողջ չէ: Ես շատ վստահ չեմ, որ ԱԺ պատգամավորները ադեկվատ են պահում իրենց լրագրողների հետ շփումներում, հարցուպատասխաններում»,- ասաց Հ. Խառատյանը:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի











































