«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ երեկ իր ավանդական տեղում՝ «Մարիոթի» սրճարանում էր Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը՝ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի ընկերակցությամբ:
Թերթի հարցին. «Փորձի փոխանակո՞ւմ եք անցկացնում», հնչել է պատասխան.
«Չէ, Վլադիմիր Միհրանիչի գրքի պրեզենտացիային ենք սպասում, ամսի 16-ին էլ ծննդյան օրն է՝ ութանասունն է լրանում, կշնորհավորենք»: Մինչև ամսի 16-ը պիտի նստեք-սպասե՞ք «Մարիոթում»: «Չէ, ինչի՞, էնքա՜ն գործ կա»,- ասել է Սուրեն Խաչատրյանը:
Ղուլարյանը գլխով համաձայնության նշան է արել: Նոր հանքն արդեն շահագործո՞ւմ եք, ոսկի՞ պիտի հանեք, ինչքա՞ն վարկ վերցրիք: «Ոսկի, մոլիբդեն, ցինկ, վարկն ամսվա վերջին եմ վերցնելու»: Ինչքա՞ն: «Տասնհինգ միլիոն»: Դոլա՞ր: «Բա հինչ. Գորիսի հրապարակն եմ սարքում, էրկու հարիր հազար փող եմ տվալ՝ հուշարձան ենք կառուցում, Սիսիանի շենքերի կրիշներն եմ սարքում…»:
Բա Սյունիքի մարզպետ Վահեն չի՞ խանդում, փաստորեն, հլը մարզպետություն եք անում, էլի, ուզում եք հե՞տ գնաք: «Իր գործն ա, ինչի՞ պտի խանդի, ես իմ գործն եմ անում»: Ո՞նց եք իր հետ: «Նորմալ»: Իսկ Բուդաղյանենց հե՞տ, ասում են՝ ուզում են բարիշացնեն, բարիշե՞լ եք: «Չէ… շուտ է, չեն համաձայնում բարիշեն»:








































