Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը հրապարակել է Ադրբեջանի տնտեսության վերաբերյալ «Տնտեսական դիվերսիֆիկացման հեռանկարներ» զեկույցը:
Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
Զեկույցում նշվում է, որ Ադրբեջանի բանկային համակարգում դոլարիզացիան բավականին բարձր է:
«Չնայած նրան, որ Ադրբեջանի միջազգային բանկը գտնվում է վերակազմավորման վերջնական փուլում, մասնավոր բանկերը կապիտալի ավելացման կարիք ունեն, հակառակ դեպքում կկանգնեն փակվելու ռիսկի առջև: Չնայած վերաֆինանսավորվող վարկերին, խնդրահարույց պարտավորությունների ծավալը դեռևս շատ մեծ է, և այս ամենը սահմանափակում է բանկերի վարկավորման հնարավորությունները»,-նշված է գործակալության զեկույցում:
Ադրբեջանի ֆինանսական շուկաների վերահսկիչ պալատի փոխանցմամբ՝ 2018-ի հունվարի 1-ի դրությամբ երկրում բանկային մասնաճյուղերի ընդհանուր թիվը եղել է 509:
Պալատի փոխանցմամբ՝ Ադրբեջանում բանկային մասնաճյուղերի թիվը նախորդ տարվա սկզբի համեմատ նվազել է 60-ով:








































