ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական տարածաշրջանային այցը ուշագրավ էր այն իմաստով, որ դրա ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես եկավ աղմկահարույց ելույթով: Ալիևն, ըստ էության, ներկայացրեց իր պետության ռազմավարական նպատակը, որը ձևակերպված էր «Երևանի և Զանգեզուրի պատմական հողեր վերադառնալու» տեսլականով: Նախընտրական արշավի մեկնարկի առիթով հնչած այս ելույթը դժվար է դիտարկել բացառապես ներքաղաքական և էմոցիոնալ հարթության վրա, մանավանդ, որ Ալիևը մարտի 11-ի նախագահական արտահերթ ընտրություններում դրա անհրաժեշտությունն, ըստ էության, չունի: Ավելի շուտ` Ադրբեջանի նախագահն քարոզարշավի մեկնարկն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության տարածաշրջանում գտնվելու փաստն օգտագործեց` իր ռազմավարական ծրագիրը ներկայացնելու նպատակով:
Երևանում ակնհայտորեն պատրաստ չէին Ադրբեջանի նախագահի նման հայտարարությանը և, ըստ էության, դիվանագիտական և քաղաքական հարթության վրա հնչեցրեցին ոչ համարժեք պատասխան` ստանդարտ շեշտադրումներով, որոնք ավելի շատ կարող է բավարարել ներքին լսարանի ավանդական հայրենասիրական պահանջարկը:
Դատելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտինի (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի երեկ երեկոյան տարածած հաղորդագրությունից` միջնորդների համար ևս անակնկալ է եղել Ալիևի հայտարարությունը:
Այնպիսի տպավորություն է, որ նրանք իրենց տարածաշրջանային այցը ամփոփող հայտարարության նախօրոք պատրաստված տեքստը վերջին պահին «խմբագրել» են` հենց Ադրբեջանի նախագահի ելույթի և դրա երևանյան արձագանքների համատեքստում:
«Համանախագահները կողմերին կոչ են արել լրացուցիչ քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու ուղղությամբ, ինչպես որ պայմանավորվել էին Ժնևում, և հարգել հրադադարը: Նրանք նաև կոչ են արել կողմերին զերծ մնալ բորբոքիչ հայտարարություններից և սադրիչ գործողություններից»,-կարդում ենք համանախագահության տարածած հաղորդագրության տեքստում: Բացի այն հանգամանքից, որ փաստաթղթում կրկին բացակայում է հասցեականությունն, ինչն, անշուշտ, թուլացնում է միջնորդների արած շեշտադրումների քաղաքական ակցենտը, աչքի է զարնում նաև այն հանգամանքը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անտեսում են այն փաստը, որ իրենց օրակարգը կորցրել է ակտուալությունը Ալիևի ելույթի ֆոնին:
Իհարկե, տողատակով ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծված իրավիճակը փորձում է բացատրել Հայաստանում և Ադրբեջանում տեղի ունեցող նախընտրական գործընթացներով. «Համանախագահները ողջունել են կողմերի մտադրությունը՝ շարունակելու ակտիվ բանակցությունները՝ հաշվի առնելով ներկա ընտրական շրջանը»:
Իրավիճակի ամբողջ նրբությունն այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի ապրիլյան քաղաքական ցիկլերից հետո` թե Երևանում և թե համանախագահ երկրների մայրաքաղաքներում կհամոզվեն, որ Ալիևի ելույթի հիմնական մոտիվն ամենևին էլ ընտրությունները չեն եղել, սակայն իրավիճակի ոչ համարժեք ընկալումը գուցե խանգարի, որպեսզի միջնորդական առաքելությունը կկարողանա ձեռնարկել անհրաժեշտ քայլեր` տարածաշրջանային լարվածության նոր ռիսկերը կանխելու ուղղությամբ:







































