Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի երրորդ պլենումի աշխատանքների արդյունքում Պետական անվտանգության կոմիտե ստեղծելու որոշում է կայացվել, փոխանցում է Xinhua-ը:
Ինչպես նշվում է կուսակցության հաղորդագրության մեջ, երկրի կառավարությունը հուսով է, որ ՊԱԿ-ը կօգնի կատարելագործել ազգային անվտանգության ապահովման համակարգերի զարգացումն ու ռազմավարությունը: Ավելի վաղ Չինաստանում գործում էին Հասարակական անվտանգության նախարարությունը և Պետական անվտանգության նախարարությունը, որոնք Պեկինում տեղակայված են մեկ համալիրի մեջ:
ՊԱԿ-ի ստեղծման անհրաժեշտությունն առաջացել է նաև վերջին ողբերգական իրադարձությունների հետ կապված: Մասնավորապես, խոսքը հոկտեմբերի 28-ին երկրի մայրաքաղաքի հրապարակներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության մասին է:
Դրանից բացի, նոյեմբերի 6-ին Թայուան քաղաքում վեց պայթյուններ են որոտացել: Չինաստանի ղեկավարությունն ահաբեկչական այդ գործողություններն ընդունել է որպես երկրում գործող քաղաքական կարգի և ազգային միաբանության նկատմամբ աճող սպառնալիք, նշում է ИТАР-ТАСС-ը:









































