«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի կողմից կազմակերպված եռօրյա «Ընթացիկ զարգացումները պալիատիվ օգնության ոլորտում» միջազգային համաժողովին Լոռու մարզի գլխավոր ուռուցքաբան, Վանաձորի բժշկական կենտրոնի ուռուցքաբանության բաժնի վարիչ, պալիատիվ օգնության պիլոտային ծրագրի ղեկավար Նարինե Քալաշյանը նշեց, որ վիճակը Լոռու մարզում մտահոգիչ է:
«Ես ղեկավարում եմ ուռուցքաբանության բաժանմունքի ողջ աշխատանքը, դիսպանսերային հսկողության տակ գտնվող բոլոր ուռուցքային հիվանդները գտնվում են իմ տեսադաշտում, և հիվանդների ընտրությունը կատարվում է ըստ այդմ: Իհարկե, հանրապետությունում օնկոլոգիական հիվանդությունների ամենաբարձր ցուցանիշը Լոռու մարզում է, և պալիատիվ օգնության կարիք ունեցողները շատ-շատ են»,- ասաց նա՝ սա պայմանավորելով նրանով, որ Լոռու մարզը սոցիալապես ծանր վիճակում է, և հիվանդները բավականին ուշ են դիմում բժշկի: Հիվանդները դիմում են հիվանդության երրորդ-չորրորդ փուլում, երբ ամենաշատը կարիք ունեն պալիատիվ օգնության, և ցավոք, նրանցից քչերին է հնարավոր լինում ընդգրկել, քանի որ կարիք ունեցող խմբերը շատ են:
Վեց ամսվա ընթացքում Լոռու մարզում 30 հիվանդ ստացել է պալիատիվ օգնություն: Հիվանդների և հիվանդատերերի համար այդ ամբողջ ծառայությունն անվճար է:
Լոռու մարզում այս պահին շուրջ 2000 հիվանդ դիսպանսերային հսկողության տակ է, վերջին վեց ամսվա ընթացքում 30 հիվանդ ստացել է պալիատիվ օգնություն:











































