Ազգային ժողովում «Ժառագություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի ներկայացրած՝ Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման մասին օրինագիծը նոյեմբերի 12-ին բուռն քննարկումների առիթ դարձավ։ ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանին հետաքրքրեց՝ արդյոք նման նախաձեռնությամբ հանդես գալուց առաջ Փոստանջյանը հանդիպե՞լ է ԼՂՀ կառավարության անդամների, վետերանների կամ ժողովրդի հետ, տեղյա՞կ է նրանց տեսակետներին։ Փոստանջյանը նշեց, թե օրինագծի առաջադրման պատճառը մեր առջև կանգնած մարտահրավերներն են, և բոլորիս պարտքն է անել հայ ժողովրդի շահերից բխող քայլեր։ Խմբակցության ղեկավարը տեղեկացրեց, որ արդեն հանդիպել է ԼՂՀ ժողովրդի, նաև իշխանության ներկայացուցիչների հետ, ծանոթ է նրանց տեսակետներին։
«Նրանք այդ մասին նաև հայտարարել են դեկտեմբերի 10-ին անկախության հանրաքվեով, որն այսօր էլ առկա է, և պահանջում են բոլոր հանրապետություններից, այդ թվում նաև՝ Հայաստանի Հանրապետությունից, ճանաչել ԼՂՀ անկախությունը»,- ասաց նա։
Փոստանջյանը հիշեցրեց, որ իրենք դեռ 2007 թվականից են առաջարկում այս քայլն անել, սակայն իշխանությունը միշտ մերժում է: Փոստանջյանը նաև ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ օրինագծի քննարկման ժամանակ դահլիճը գրեթե դատարկ է: ՀՀԿ-ական պատգամավորները նրան խորհուրդ տվեցին չհուզվել, ինչին Փոստանջյանը պատասխանեց, որ չի հուզվում, բայց բացարձակ երջանիկ էլ չէ, որ այս հարցի քննարկման ժամանակ պատգմավորները ներկա չեն դահլիճում:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանին հետաքրքրում էր, թե արդյոք այս առաջարկին հետևելու դեպքում Ադրբեջանը չի՞ ակտիվացնի իր ռազմական գործողությունները և սկսի ավելի հաճախակի խախտել հրադադարի ռեժիմը:
Փոստանջյանը նշեց, որ առանց ՀՀ-ի կողմից ԼՂՀ-ի անկախության ճանաչման էլ այս իրավիճակը չի կարող փոխվել, իսկ ռազմական գործողություններին անդրադառնալով՝ տեսակետ հայտնեց, որ Ադրբեջանը պատերազմը կսկսի այն բանից հետո, երբ պատրաստ լինի, ունենա անհրաժեշտ զինամթերք: Արցախը, ըստ Փոստանջյանի, պետք է լինի առանձին բանակցող կողմ. այդպես էլ եղել է, ուղղակի հետագայում մեր ապաշնորհ քաղաքականության հետևանքով դուրս է մղվել այդ գործընթացից:
Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի






































