Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանը դերասան Վարդան Պետրոսյանին կալանավորելու փաստին իրավական գնահատական տալ չի կարող, սակայն կարծում է, որ իր ընկերոջը ձերբակալելով՝ մահացած երեխաներին հետ չեն բերի: Նման տեսակետ հայտնեց նա այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Նա այնպիսի մարդ է, որ պատժից չի խուսափի: Նա արդեն իսկ ասել է այդ մասին»,- հիշեցրեց Կարո Շահբազյանը:
Ասուլիսի մյուս բանախոս՝ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր ռեժիսոր Տիգրան Գասպարյանն էլ իր հերթին նշեց, որ Վարդան Պետրոսյանն իր շատ մոտ, երեսուն տարվա ընկերն է: «Դեպքի մասին լսելուց հետո առաջին ռեակցիաս եղել է այն, որ մտածել եմ՝ ոնց է Վարդանն այսուհետ ապրելու: Նրան գիտեմ երեսուն տարի: Նա պատասխանատվությունից փախչող չէ: Եթե իրեն խնդրեն, ասեն՝ գնա, փախիր, իր համար դա ուղղակի ծիծաղելի կլինի: Բնականաբար, օրենքի առաջ բոլորս ենք հավասար, և Վարդանն այդ մասին բոլորից լավ գիտի: Պարզապես ուզում եմ, որ ընկերոջս գործի հանդեպ արդարացի քննություն իրականացվի»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ նոյմբերի 9-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր ոստիկանության ներկայացրած՝ հայտնի դերասան Վարդան Պետրոսյանին կալանավորելու միջնորդությունը:
Հիշեցնենք նաև, որ հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երևան ճանապարհի 2-րդ կմ-ին դերասան Վարդան Պետրոսյանի վարած «ԲՄՎ-320» և «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենաների բախման հետևանքով տեղի էր ունեցել մահվան ելքով վթար:
Վթարի հետևանքով դերասան Վարդան Պետրոսյանը տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն: Բացի Պետրոսյանից, վթարի հետևանքով ծանր վնասվածքներով հիվանդանոցներ էր տեղափոխվել ևս 6 մարդ. «Վազ 2121» մակնիշի մեքենայի ուղևորներից՝ հորեղբոր որդիներ Էդգար և Էդուարդ Հակոբյանները մահացել էին:
Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»:
Նախաքննական մարմինը որոշում էր ընդունել ձերբակալել Վարդան Պետրոսյանին:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի









































