Բանգլադեշի տեքստիլ ոլորտի աշխատողներն այսօր երկրի արդյունաբերական շրջաններում բողոքի ակցիաներ են կազմակերպել՝ աշխատավարձերի բարձրացման պահանջով: Ոստիկանության հետ բախումներում մոտ 30 մարդ է տուժել: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ներին:
Արհմիությունները պահանջում են բարձրացնել ոլորտի նվազագույն աշխատավարձը՝ հասցնելով 100 դոլարի, մինչդեռ այն ներկայումս չի գերազանցում 40 դոլարը: Նախկինում կառավարական հանձնաժողովը հավանություն է տվել նվազագույն աշխատավարձը 66 դոլարի հասցնելու առաջարկին, սակայն աշխատողներն անձամբ այն անբավարար են համարում:
Այսօր Դաքքայի արդյունաբերական Սավար արվարձանում և այլ շրջաններում տեղակայված ձեռնարկությունների սեփականատերերը շուրջ 100 գործարան են փակել՝ զգուշանալով հնարավոր ընդհարումներից:
Ներկայումս Բանգլադեշում ընթանում է նաև երկրի քաղաքական ընդդիմության ցույցը 2014-ի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին: Ընդդիմությունը պահանջում է կառավարության հրաժարականը:
Բանգլադեշում հագուստի արտադրության ոլորտի աշխատողների անվտանգությունը արդիական է դարձել ապրիլին Սավարում շենքի փլուզումից հետո, որտեղ տեղակայած են եղել գործարաններ և առևտրի կետեր: Այդ ժամանակ ավելի քան 1100 մարդ էր զոհվել:
Բանգլադեշը Չինաստանից հետո աշխարհում տեքստիլ արտադրանքի երկրորդ արտահանողն է: Ոլորտն ապահովում է բյուջեի մոտ 80 տոկոսը: 2012-ին երկրից տեքստիլ արտահանման ծավալը կազմել է 19 միլիարդ դոլար:









































