Երիտասարդության համաշխարհային օրվա տոների մեկնարկը այս տարի տրվել է Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանից՝ «Տոնդ շնորհավոր, ուսանող» խորագրով միջոցառմամբ: Նոյեմբերի 8-ին տեղի է ունեցել «Լավագույն ուսանող» միջոցառումը, տոնը նշվել է նաև դիսկոտեկով: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց բուհի ուսխորհրդի նախագահ Անահիտ Թունյանը:
«Մեր ուսանողների խնդիրներին մշտական ուշադրություն ենք դարձնում: Խնդրահարույց հարցերից էին, օրինակ, բուֆետի գները և ճաշացանկը, որից պարբերաբար բողոքում էր ուսանողությունը: Հարցաթերթիկների միջոցով պարզեցինք` ինչ ճաշացանկ և գներ են գերադասում նրանք: Արդյունքում սեպտեմբերի 1-ից նոր բուֆետ ունեցանք՝ նոր պայմաններով»,- ասաց նա:
Ասուլիսի մյուս բանախոս՝ Տնտեսագիտական համալսարանի ուսխորհրդի նախագահ Սևակ Խաչատրյանն էլ իր հերթին նշեց, որ երիտասարդության համաշխարհային օրվա տոներն իրենց մոտ սկսվելու են նոյեմբերի 12-ից և շարունակվելու են մինչև նոյեմբերի 30-ը: «Մենք չենք ուզում կազմակերպել համերգ, որ ուսանողները գան, լսեն ու գնան, այլ անելու ենք ամեն ինչ, որպեսզի ուսանողն իրոք զգա, որ ուսանող է, տոնը նրա մեջ նստվածք տա»,- ասաց նա:
Սևակ Խաչատրյանի խոսքով՝ ուսանողների ամենամեծ խնդիրը սոցիալական բնույթի է` հանրակացարանի, ուսման վարձի և այլն:
Ճարտարագիտական համալսարանի ուսխորհրդի նախագահ Գոռ Վարդանյանն էլ ասաց, որ տոնական միջոցառումներն իրենց բուհում մեկնարկելու են նոյեմբերի 17-ից: «Անցկացնելու ենք մշակութային, ինտելեկտուալ, սպորտային փառատոն, որին կմասնակցի մոտ 300 ուսանող: Նախատեսվում է ուսանողական-գիտական կոնֆերանս: Ուսանողների խնդիրների մասով մեր համալսարանում ամենօրյա աշխատանքներ են տարվում: Անում ենք ամեն ինչ, որպեսզի դրանք հնարավորինս շուտ լուծվեն»,- ասաց նա:
Անդրադառնալով ուսման վարձավճարների բարձրացման հայտարարությունից հետո առաջին կուրսի ուսանողների կողքին չկանգնելու, նրանց չսատարելու հարցին` բուհերի ուսխորհուրդների նախագահները նշեցին, որ ԿԳ նախարարի, ռեկտորների հետ հանդիպումների ընթացքում իրենք բազմիցս բարձրաձայնել են խնդրի մասին: «Երբ դիմորդները ընդունելության հայտեր էին լրացնում, վարձավճարների բարձրացման մասին չէին մտածում: Ցանկացած խնդիր լուծվում է համալսարանի պատերի ներսում, և արդեն այսօր նույն այդ բողոքող ուսանողները ուսխորհուրդների ակտիվ անդամներ են»,- ասաց Տնտեսագիտական համալսարանի ուսխորհրդի նախագահ Սևակ Խաչատրյանը:
Հանրապետական կուսակցության անդամ հանդիսացող Սևակը հավաստիացրեց, որ քաղաքական այդ ուժին հարելն իրեն առաջ գնալու հարցում չի օգնել: «Հանրապետական կուսակցության անդամ լինելը կարիերայի մեծ աճ ինձ չի ապահովել»,- ասաց նա:
Պարզվեց` ՀՀԿ անդամ է նաև Վ. Բրյուսովի անվան լեզվագիտական համալսարանի ուսխորհրդի նախագահ Անահիտ Թունյանը, իսկ ահա Ճարտարագիտական համալսարանի ուսխորհրդի նախագահ Գոռ Վարդանյանը անկուսակցական էր:
Ամփոփելով՝ երիտասարդները նշեցին, որ այսօրվա հայ երիտասարդությունը ինտելեկտուալ է, լավատես ու նպատակասլաց, ինչն էլ հիմք է տալիս կարծելու, որ երկրի ապագան ամուր ձեռքերում է:










































