Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր հայ ականավոր քաղաքական, ռազմական ու պետական գործիչ, Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի մայիսի 28-ին տեղադրվելիք հուշարձանի մակետի լուսանկարը, ինչպես նաև հրապարակել մրցութային հանձնաժողովի կազմը, որից հետո Արամ Մանուկյանի հուշարձանի մրցութային հանձնաժողովի անդամ, ճարտարապետ Հաղթանակ Շահումյանը հայտարարել էր, որ ինքը տեղյակ չէ, թե այդ ինչ լուսանկար է հրապարակվել համացանցում, քանի որ երկու փուլով անցած մրցույթում նման տարբերակ չի քննարկվել ու չի քվեարկվել։ Այս ամենի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով «Առաջին լրատվական»-ը զրուցեց Արայիկ Հարությունյանի հետ։
«Այդ նկարը, որը հրապարակվել է իմ կողմից` արվել է Երևանի ավագանու կրթության, մշակույթի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստից հետո. երկու օր առաջ մեր հանձնաժողովը և ավագանու բոլոր անդամները ստացել են փետրվարի 13-ի նիստի նախագծերը, որոնց վերաբերյալ պետք է տան իրենց եզրակացությունները և մեր հանձնաժողովը պետք է տվյալ արձանի տեղադրման նախագծին տար դրական կամ բացասական եզրակացություն, այսինքն այն էսքիզը, որը կցված է եղել նախագծի փաթեթին` եկել է քաղաքապետարանից և այդ տարբերակը պետք տեղադրվի նշված վայրում», – մանրամասնեց ավագանու անդամը։
Վերջինիս փոխանցմամբ` այս տարբերակը քանդակագործ Դավիթ Մինասյանի աշխատանքն է և հենց այդ տարբերակն է ներկայացվել ավագանու նիստին։
«Մրցութային հանձնաժողովը որ տարբերակին է քվեարկել, ինչ ընտրություն է կատարվել նրանց կողմից` դա մրցութային հանձնաժողովի գործն է և դրա հետ ավագանին որևէ առնչություն չի ունեցել և քաղաքային իշխանությունները հենց իմ հրապարակած տարբերակն են ներկայացրել ավագանու քննարկմանը, որին անձամբ ես դեմ եմ քվեարկել», – տեղեկացրեց Հարությունյանը։
Մանրամասները ` տեսանյութում։











































