Greenpeace-ի ակտվիստները ակցիա են անցկացրել լեհական 6 ածխային էլեկտրակայաններում՝ պահանջելով նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումը մթնոլորտ, գրում է RIA Novosti-ն:
Բնապահպանները կայանների խողովակներին փակցրել են հետևյալ կարգախոսները՝ «Կլիմայի փոփոխությունները սկսվում են այստեղ», «Արկտիկայի հալոցքը սկսվում է այստեղից», «Ջրհեղեղն սկսվում է այստեղից»:
Ըստ Greenpeace-ի՝ լեհական էներգետիկայի 90 տոկոսը հիմնված է ածխաջրածինների վրա, և այդ երկրի կառավարությունը աջակցում է էներգակոնցեռններին՝ չմտահոգվելով էներգիայի այլընտրանքային միջոցների որոնմամբ:
Ակցիան նվիրված է վաղը Վարշավայում բացվելիք՝ ՄԱԿ-ի կլիմայական փոփոխությունների համաժողովին, որի թեման է լինելու կլիմայի գլոբալ փոփոխությունների դեմ պայքարը:








































