Հայաստանի կառավարությունը որոշել է փոփոխություններ և լրացումներ կատարել Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին օրենքում: Այդ օրենքին ծանոթ մարդիկ պնդում են, որ նոր օրենքը գրեթե ոչնչով չի տարբերվելու նախորդից, և որևէ կերպ չի նպաստելու Հայաստանում բարձրագույն կրթության մակարդակի բարձրացմանը, այլ ընդհակառակը, որոշ իմաստով նույնիսկ հետադիմական նշանակություն է ունենալու:
Հայաստանում բարձրագույն կրթության մակարդակը չի համապատասխանում համաշխարհային չափանիշներին, և դա մեր պնդումը չէ: Համաշխարհային կազմակերպությունների կողմից իրականացվող վարկանիշային որևէ համակարգում Հայաստանի բուհերից որևէ մեկը ընդգրկված չէ: Մինչդեռ Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանը QS World University Rankings վարկանիշային աղյուսակում ընդգրկվել է աշխարհի լավագույն 400 բուհերի ցուցակում: Եվ սա ամենևին պատական չէ, այլ Վրաստանի իշխանությունների կողմից իրականացվող բազմամյա և հետևողական աշխատանքի արդյունքն է: Նրանք ոչ միայն բուհերի կառավարման արևմտյան չափանիշներ են ներդնում, այլ նաև հրավիրում են միջազգային հեղինակություն ունեցող մասնագետների, հաճախակի կազմակերպում միջազգային գիտական կոնֆերանսներ, միջոցներ են ծախսում դասախոսական կազմի որակավորման բարձրացման վրա: Վրաստանի բարձրագույն ղեկավարությունն էլ արևմտյան կրթություն ստացած և կրթության հարգն ու իմասը հասկացող մարդիկ են: Սա ի միջի այլոց:

Հայաստանում բուհական համակարգը որոշ մանր բացառություններով վերածվել է բուհերի ռեկտորների կողմից մեծ եկամտաբերություն և որևէ բիզնես ռիսկ չպարունակող կոմերցիոն հաստատության: Նրանց առջև դրված խնդիրը միակն է. ապահովել բուհական համակարգի քաղաքական չեզոքությունը, որպեսզի ուսանողությունը որևէ դեպքում չընդվզի և խնդիրներ չստեղծի երկրի ղեկավարության համար: Այդ հարցում բուհերի ղեկավարությունը իր խնդիրը կատարում է և գերակատարում: Պարգևատրումն էլ չի ուշանում:
Բարձրագույն կրթության մասին օրենքի փոփոխությունների նախագծի սկզբնական տարբերակում նախատեսված էր, որ ռեկտորից առանձին ու նրանից անկախ պետք է ստեղծվի գիտխորհուրդ: Բուհերում հիմա էլ կան գիտխորհուրդներ, բայց դրանք գտնվում են ռեկտորների անմիջական ազդեցության և ենթակայության տակ, քանի որ գիտխորհրդի ղեկավարը բուհի ռեկտորն է: Մինչդեռ փոփոխությունների իմաստը կայանալու էր նրանով, որ գիտխորհուրդը պետք է լիներ ռեկտորին հակակշիռ, ավելին՝ գիտխորհուրդը պետք է հաստատեր ուսումնական պլանները, ընդհանուր քաղաքականությունը, զբաղվեր դասախոսների ընտրության համար մրցույթներ կազմակերպելով և ընդհանրապես գիտակրթական մասը տնօրինելով: Ռեկտորը զբաղվելու էր առավելապես վարչական խնդիրներով: Բայց քանի որ ռեկտորներին այս հայեցակարգը ամենևին դուր չեկավ, և նրանք մտածեցին, որ դա հարվածելու է իրենց ինքնակալությանը, նրանք հասան նրան, որ իրենց դիրքերը որևէ կերպ չսասանվեն: Օրենքի այսպես կոչված փոփոխություններով, ռեկտորները կշարուկեն մնալ միանձնյա սեփականատիրոջ կարգավիճակում:
Բայց ոչ միայն դա: Հայաստանում հիմա բոլոր օրենքների փոփոխություներում մի միտում է նկատվում: Բոլոր տեղերում բարձրացվում է պաշտոնյաների տարիքային ցենզը: Օրինակ՝ վերջերս փոփոխություններ և լրացումներ կատարվեց Սահմանադրական դատարանի մասին օրենքում և այդ փոփոխության արդյունքում ՍԴ անդամի տարիքային ցենզը 65-ից բարձրացվեց 70 տարեկան: Հիմա նույնը նախատեսվում է Բարձրագույն կրթության մասին օրենքում. ռեկտորների տարիքային ցենզը 65-ից բարձրացվելու է 70-ի: Սա միանգամայն օրինաչափ է: Չէ որ այս տարվա ապրիլին լրանում է մայր բուհի՝ Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի 63-ամյակը: Մարդը սկսել է անհանգստանալ, քանի որ մնաց ընդամենը 2 տարի, իսկ մարդը հո «բոմժ» չի, որ սառնարանի կարտոնե տուփի մեջ ապրի: Իսկ նման սարսափելի հեռանկարը կանխելու, և բուհի ռեկտորի արժանապատիվ կեցության իրավունքը ապահովելու միակ ելքը հնարավորինս երկար պաշտոնին մնալն է: Օրենքի փոփոխությունից հետո նա առժամանակ կարող է հանգիստ լինել, քանի որ իրեն «բոմժություն» չի սպառնա: 7 տարի հետո էլ կյանքը ցույց կտա, ի վերջո օրենքը էլի փոփոխելու հնարավորություն կա՞: Ամեն ինչ կախված կլինի նաև քաղաքական իրավիճակից, իսկ այն բարենպաստ է զարգանում:








































