«Անհրաժեշտ է, որ Եվրամիության հետ ստորագրված համաձայնագիրը հնարավորինս արագ և արդյունավետ իրականացվի, որովհետև միայն դա կարող է հանրությանը համոզել ու մասնակից դարձնել այդ գործընթացում։ Այդպիսի բարեփոխումները, առանց հանրության ակտիվ ու շահագրգիռ մասնակցության, հնարավոր չէ իրականացնել»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը։
Նրա խոսքերով՝ միայն երկու կողմի արդյունավետ ու հետևողական աշխատանքի շնորհիվ է հնարավոր քայլ առաջ անել. «Բայց մենք տեսնում ենք, որ Հայաստանի կողմից չկա շտապողականություն, իսկ եթե չկա շտապողականություն, ապա կասկածներ են առաջանալու նաև հասարակության մեջ, և հետաքրքրությունը համաձայնագրի ու իր մեջ պարունակող բարեփոխումների իմաստի վերաբերյալ կարող է նվազել։ Նաև Եվրամիությունից մենք նույնպես համարժեք վերաբերմունք չենք տեսնում, կա ցանկություն արագ ինչ-որ բան անել, բայց ի՞նչ ձևաչափով, ի՞նչ ռեժիմով՝ հստակ չէ։ Օգտագործվում են ստանդարտ ձևակերպումներ, անուններ՝ ճանապարհային քարտեզ, խորհրդատվություններ և այլն։ Բայց թե ինչպիսի առանձնահատկություններ պետք է լինեն հենց Հայաստանի պարագայում՝ դրա պատկերացումն առայժմ մեր եվրոպացի գործընկերների մոտ չկա։ Որպես քաղհասարակության ներկայացուցիչ, ես մտահոգված եմ, որ չկա պատկերացում, թե ինչպես պետք է լինի քաղհասարակության, փորձագիտական հանրության ներգրավվածությունն այս ամեն ինչում»,- ասաց Բորիս Նավասարդյանը։
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, 2017-ի իր ամփոփիչ ասուլիսում նշել էր, որ ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումը կարող է լինել այս տարվա մայիսի 1-ից կամ հունիսի 1-ից։ Բորիս Նավասարդյանը, ապրիլին սպասվող ներքաղաքական իրադարձությունների ֆոնին, սա պատահական չի համարում. «Միանշանակ կապ կա։ Բնականաբար, Հայաստանի քաղաքական վերնախավը ցանկանում է, որ այդ անցումը կատարվի որքան հնարավոր է հանգիստ։ Հաշվի առնելով նաև այն փաստը, որ զուգահեռաբար Ռուսաստանում են տեղի ունենում նախագահական ընտրություններ՝ ցանկալի է, որ այս ժամանակահատվածում տարբեր անհանգստացնող զարգացումներ չլինեն։ Անձերի հետ Հայաստանում միշտ ամեն ինչ կապված է և, բնականաբար, կարևոր է, թե որքանով այդ անձը, որը հիմնական դերակատարություն է ունենալու ՀՀ-ԵՄ հարաբերություններում՝ ինչքանո՞վ է պատրաստ, ի՞նչ փորձ, համակրանք ու վստահություն ունի։ Այդ կարգի հարաբերություններում միշտ համակրանքն ու վստահությունը կարևոր դերակատարություն ունեն և դա մենք տեսնում էինք նաև 2013-ից առաջ․ այն թիմը, որ աշխատել էր եվրոպացիների հետ, կարողացել էր վստահություն ձեռք բերել»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։









































