The Economic Intelligence Unit’s կազմակերպության կողմից հրապարակված Ժողովրդավարության տարեկան ինդեքսի (Index of Democracy 2017) համաձայն՝ աշխարհի բնակչության միայն 5 տոկոսն է ապրում «լրիվ ժողովրդավարության» պայմաններում (19 երկիր):
«Լրիվ ժողովրդավարության» պայմաններում ապրող երկրների ցանկում են Նորվեգիան, Իսլանդիան, Շվեդիան, Նոր Զելանդիան, Դանիան, Իռլանդիան, Կանադան, Ավստրալիան, Ֆինլանդիան ու Շվեյցարիան: «Անբավարար ժողովրդավարությամբ» երկրների թիվը 57 է, «հիբրիդային ռեժիմով» երկրների ցանկում է 39 երկիր, իսկ «ավտորիտար ռեժիմով» երկրների թիվը 52 է: Հայաստանը և Վրաստանը այդ ցանկում զբաղեցրել են համապատասխանաբար 111-րդ և 79-րդ տեղերը, տեղ գրավելով «հիբրիդային երկրների» շարքում:
Ադրբեջանը զբաղեցրել է 148-րդ տեղը և համարվել «ավտորիտար երկիր»: Նման երկիր է համարվել նաև Ռուսաստանը, որը զբաղեցրել է աղյուսակի 135-րդ հորիզոնականը:
Ինդեքսի տրամաբանությունը հասկանալու համար` արձանագրենք, որ Հայաստանը փաստացի դասվում է այն երկրների շարքին, որտեղ ժողովրդավարական ինստիտուտները կայուն չեն կամ մեծ են ավտորիտարիզմի ռիսկերը: Ժողովրդավարության ինդեքսի հաշվարկման համար հիմք են հանդիսացել 5 չափանիշներ՝ ընտրական գործընթաց և բազմակարծություն, քաղաքացիական ազատությունները, կառավարության գործունեություն, քաղաքական գործընթացներում մասնակցություն, քաղաքական մշակույթ:
Հիմա փորձենք այս հինգ չափանիշները լոկալացնել այն իրավա-քաղաքական գործընթացում, որի հետևանքով Հայաստանը անցում է կատարում խորհրդարանական կառավարմանը` հասկանալու համար, թե առաջիկա տարիներին որ ուղղությամբ է շարժվելու ժողովրդավարության և ավտորիտարիզմի խաչմերուկում գտնվող Հայաստանը:
Սահմանադրական փոփոխությունների և խորհրդարանական համակարգին անցման արդյունքում Հայաստանի քաղաքացիների ուղղակի մասնակցությունը երկրի կառավարմանը սահմանափակվել է, որովհետև երկու համընդհանուր ընտրություններից մեկը` նախագահականը, վերացվել է: Հայաստանի քաղաքական պրակտիկան հաշվի առնելով` խորհրդարանական ընտրություններում հասարակությունը զրկվել է նաև պետության Առաջին դեմք՝ վարչապետին ընտրելու նույնիսկ անուղղակի հնարավորությունից, որովհետև անգամ խորհրդարանական ընտրություններից տաս ամիս անց ՀՀԿ-ն չի հստակեցնում, թե ով է լինելու իր վարչապետը ապրիլից հետո:
Բազմակարծությունն ինստիտուցիոնալ բնույթ ունի, եթե ընտրական գործընթացում ապահովվում է այլընտրանք կամ ընդդիմության ձայնը որոշակիորեն ազդում է որոշումների ընդունման գործընթացի վրա: Մեր իրականությունը բացառում է իրական բազմակարծությունը, որովհետև Հայաստանի չորրորդ նախագահի ընտրությունները տեղի են ունենալու առանց այլընտրանքի, իսկ խորհրդարանում ընդդիմության բոլոր նախաձեռնությունները մերժվում են մեծամասնության մեխանիկական քվեարկությամբ:
Սահմանադրական փոփոխությունները` թեև ինստիտուցիոնալ առումով, մեծացրել են կառավարության գործունեությունը, սակայն այս օրերին ընդունվող օրենսդրական ակտերով գործադիր գործունեությունն ապրիլ ամսից դառնալու է, ըստ էության, անվերահսկելի ոչ միայն հասարակության, այլ նաև խորհրդարանի կողմից: Խորհրդարանական համակարգում ԱԺ կենտրոնական դերակատարությունը ոչ միայն սրբագրվում է, այլ նաև ստեղծվում են մեխանիզմներ, որպեսզի գործադիր իշխանությունը տոտալ վերահսկողության տակ առնի օրենսդիրի գործունեությունը: Ավելորդ է ասել, որ կառավարության բազմաշերտ կառուցվածքը, տարբեր ստորաբաժանումների կրկնվող ֆունկցիաները բյուրոկրատիզմի ու կոռուպցիայի ռիսկեր են ծնում:
Հայաստանում քաղաքական մշակույթ, որպես այդպիսին, գոյություն չունի, որովհետև գործընթացները տեղի են ունենում լեգալ հարթությունից դուրս, որտեղ ձևավորված ավանդույթներն ավելի շատ նման են կլանային համակարգին բնորոշ «կանոնների», քան քաղաքական մշակույթի:
Դժվար չէ ենթադրել, որ The Economic Intelligence Unit’s-ի հաջորդ տարեկան ինդեքսը շատ ավելի անբարենպաստ է լինելու Հայաստանի համար:
Լուսանկարը՝ Pan Photo-ի










































