Սիրիական կոալիցիան պատրաստ է մասնակցել «Ժնև-2» համաժողովին՝ հայտարարել է Սիրիական հեղափոխականների և ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիայի մամլո քարտուղար Հալիդ Էլ-Սալիհը՝ Ստամբուլում կոալիցիայի նիստի սկսվելուց առաջ:
Այս մասին, թուրքական CIHAN գործակալությանը հղում կատարելով, հաղորդում է РИА Новости-ն:
Նրա խոսքերով՝ կոալիցիան պատրաստ է մասնակցել այն բոլոր նախաձեռնություններին, որոնք «Բաշար Ասադին կխանգարեն մարդկանց ոչնչացնել»:
«Այժմ մեր ձեռքում 11 պետությունների կողմից ստորագրված փաստաթուղթ կա, որտեղ նշվում է, թե ժնևյան համաժողովն իրենից ինչ է ներկայացնելու: Մենք այնտեղ կմեկնենք միայն այդ 11 պետությունների կողմից ստորագրված առաջարկությունների պատճառով: Ասադի կառավարությունը չի կարող անցումային շրջանի մաս դառնալ, ինչպես նաև հաջորդող փուլին նույնպես չի կարող մասնակցել: Այնուհետև նրա նկատմամբ արդար դատական հետաքննություն կսկսվի»,- նշել է Սալիհը:
Սիրիական ընդդիմությունը սպասում է նաև Ռուսաստանի դիրքորոշման վերաբերյալ գրավոր հայտարարության:
«Սիրիական հակամարտության լուծման վերաբերյալ երկու դիրքորոշումներ կան՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի: Բոլոր 11 պետություններն արդեն հայտնել են իրենց դիրքորոշումները, ինչպես են հասկանում ժնևյան համաժողովի նշանակությունը, և թե ինչ են դրանից սպասում: Մենք նույնը սպասում ենք նաև Ռուսաստանից: Հակառակ դեպքում դրա անցկացումը միայն ժամանակի կորուստ կլինի, որը չեն ցանկանում սիրիական ժողովուրդն ու ընդդիմությունը: Մենք ժամանակի կորստի դիմաց մարդկային կյանքերով ենք վճարում»,- նշել է կոալիցիայի ներկայացուցիչը:








































