ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը գրին-քարտերի խաղարկության այցագրային ծրագիրը համարել Է վերջերս Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների պատճառը և կոչ Է արել վերացնելու այն: «Նյու Յորքում երկու ահաբեկչական գրոհները հնարավոր դարձան շղթայական միգրացիայի այցագրային վիճակախաղի հետևանքով:
Ահաբեկչության դարաշրջանում այդ ծրագրերը ներկայացնում են ռիսկեր, որոնք այլևս չենք կարող մեզ թույլ տալ»,- ասել Է Թրամփը Միացյալ Նահանգների Կոնգրեսում ելույթ ունենալով «Երկրի դրության մասին» իր առաջին ուղերձով: Նա Կոնգրեսին Է ներկայացրել նոր միգրացիոն պլան՝ բաղկացած չորս մասից:
«Պլանի չորրորդ մասին համապատասխան՝ կդադարեցվի այցագրային վիճակախաղը՝ ծրագիր, ըստ որի չհիմնավորված գրին-քարտեր Էին տրվում՝ բնավ հաշվի չառնելով (միգրանտների անձնական) հատկանիշները կամ մեր բնակչության անվտանգությունը»,- ընդգծել Է ԱՄՆ-ի ղեկավարը: Պլանի շրջանակներում նաև ենթադրվում Է քաղաքացիության տրամադրման համակարգ 1,8 միլիոն անօրինական միգրանտների համար, որոնք ԱՄՆ-ում են հայտնվել երեխա ժամանակ, սահմանների հսկողության ամրապնդում և միգրանտների ընտանիքների մուտքի սահմանափակում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:








































