Փարիզի գլխավոր տեսարժան վայրը՝ Էյֆելյան աշտարակը, 2017 թվականին ընդունել է ավելի քան 6.2 մլն այցելուի, ինչը 5.6 տոկոսով ավելի է 2016 թվականի ցուցանիշից, ասվում է աշտարակը շահագործող SETE ընկերության հաղորդագրությունում։
Հաղորդագրությունում մեջբերվում է SETE-ի ղեկավար Անն Յանիկի խոսքը, ով խոստանում է, որ առաջիկա տարիներին Էյֆելյան աշտարակը կենթարկվի խորը փոփոխությունների, որոնք թույլ կտա ուժեղացնել դրա փայլը միջազգային արենայում, ինչը կավելացնի այցելուների թիվը։

Էյֆելյան աշտարակը կառուցվել է Ֆրանսիայի կառավարության պատվերով՝ 1889 թվականի փարիզյան ցուցահանդեսին ընդառաջ։ Այն կառուցվել է ինժներ Գուստավ Էյֆելի նախագծով և դարձել աշխարհում այդ ժամանակվա ամենաբարձր կառույցը։ Սկզբում ծրագրվել էր աշտարակը թողնել 20 տարով, իսկ հետո հեռացնել, քանի որ շատ տեղացիներ չեն հավանել դրա դիզայնը, սակայն տարիների ընթացքում այն վերածվել է Ֆրանսիայի մայրաքաղաքի խորհրդանիշի։








































