Մեծ Բրիտանիայում ծովային հետևակայինը մեղավոր է ճանաչվել «Թալիբան» շարժման վիրավոր աֆղան գրոհայինի կանխամտածված սպանության մեջ: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, սա առաջին դեպքն է, երբ բրիտանացի զինծառայողը մեղավոր է ճանաչվում վիրավոր թշնամու սպանության մեջ այն բանից հետո, երբ 2001թ. արևմտյան զորքերը մուտք են գործել Աֆղանստան:
Դատավճիռն ավելի ուշ կկայացվի, սակայն բրիտանական օրենսդրության համաձայն` ամբաստանյալը պետք է դատապարտվի ցմահ ազատազրկման, ավելի մեղմ պատիժ սահմանված չէ:
Պատահարը տեղի է ունեցել 2011թ. նոյեմբերի 15-ին Աֆղանստանի Հիլմենդ մարզում: Ծովային մի խումբ հետևակայիններ տեղանքը մաքրելիս հայտնաբերել են «Թալիբանի» վիրավորված գրոհայինի: Բրիտանական բանակում գործող կանոնների համաձայն՝ զինծառայողը վիրավորված հակառակորդին պետք է առաջին բժշկական օգնություն ցույց տար և նրան հիվանդանոց տաներ, սակայն նրանցից մեկը գնդակահարել է գրոհայինին:
Սպանության պահը նկարահանված է եղել թվային տեսախցիկով, որը տեղադրված է եղել ծովային հետևակայիններից մեկի գլխարկի վրա: Տեսագրությունը պատահմամբ հայտնաբերել են զինվորական ոստիկանները:
Այս գործի կապակցությամբ անցած տարի ձերբակալվել էր 3 ծովային հետևակային, սակայն մեղավոր է ճանաչվել նրանցից մեկը, ով արձակել է մահացու կրակոցը: Նրանց անունները չի հաղորդվում:







































