Տեխասի բնակիչ Լի Գոգինը, ով կնոջ և երեք երեխաների հետ հանգստանում էր Ֆլորիդայի ծովափին, որոշել է զբաղեցնել ընտանիքին և ավազի մեջ թունել է փորել: Սակայն նա հաշվի չի առել, որ վերևում ավազաբլուրներ են եղել: Երբ 35-ամյա Գոգինը ամբողջովին մտել է ավազի մեջ, ավազաբլուրները հանկարծ փլվել են՝ Լիին ողջ-ողջ թաղելով ավազի մեջ: Վախեցած բարեկամները փորձել են հանել Լիին, բայց չեն կարողացել ինքնուրույն գլուխ հանել: Երբ փրկարարները հանել են նրան ավազի մի մետրանոց շերտի տակից, Լին կենդանության նշաններ չի ցուցաբերել: Նրան ուղղաթիռով հասցրել են մոտակա հիվանդանոց:

Ինչպես հաղորդում է Miami Herald պարբերականը՝ Լին այժմ կոմայի մեջ է, վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկները դեռևս որոշակի կանխատեսումներ չեն անում: Լին մինչ այդ առողջական խնդիրներ է ունեցել և նրա եղբայրը իր երիկամն է նվիրաբերել Լիին՝ փոխպատվաստման համար:







































