Աշխարհում հաշվվում է հազվադեպ հանդիպող մոտ ութ հազար հիվանդություն: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Գենետիկայի հանրապետական բժշկական կենտրոնի ղեկավար Արմեն Մաթևոսյանը՝ հավելելով, որ դրանց հիսուն տոկոսը հանդիպում է երեխաների, 50 տոկոսը՝ մեծահասակների մոտ:
Նրա խոսքով` հազվադեպ հանդիպող հիվանդությունների բուժման համար հաճախ հսկայական ֆինանսական միջոցներ են պահանջվում: «Այդ հիվանդությունները համարվում են բժշկության «որբ» հիվանդություններ, քանի որ քիչ ուշադրության են արժանանում և քիչ ուսումնասիրվում: Հազվադեպ հանդիպող հիվանդություններից առավել հաճախ, այդ թվում՝ Հայաստանում, հանդիպում են նյարդային համակարգի ժառանգական հիվանդությունները, նյարդամկանային, քրոմոսոմային հիվանդությունները, նյութափոխանակության, արյան, գենետիկ և ուռուցքային հիվանդությունները: Ընդ որում` Եվրոպայում հազվադեպ հանդիպող հիվանդություններ համարվում են 2 հազարից մեկը հանդիպող հիվանդությունները, իսկ ահա Ռուսաստանում՝ 10 հազարից մեկը»,- ասաց Արմեն Մաթևոսյանը:
Ասուլիսի մյուս բանախոս, սեքսապաթոլոգ Մարատ Զաքարյանն իր հերթին նկատեց, որ առանձնահատուկ բարդություն են ներկայացնում հազվադեպ հանդիպող, սակայն զգալի աճ գրանցած սեռական հիվանդությունները: «Դրանց թվում են էրեկցիայի խանգարումները, Պեյրոնիի հիվանդությունը, երբ արական սեռական օրգանը ծածկվում է ոսպանման գոյացություններով և ծռվում: Այս պարագայում սեռական հարաբերությունները ցավոտ և անհնար են դառնում»,- ասաց նա:










































