Փարիզում հեղեղման բարձրակետն առայժմ չի անցել, Ֆրանսիայի մայրաքաղաքը շարունակում Է պաշտպանել ափերը և հաշվել տարերքի վնասները: Հունվարի 28-ին այս մասին հայտնել են քաղաքապետարանում:
Ինչպես նշել են հերթապահ ծառայությունները, սկսած հունվարի 29-ից փարիզցի առևտրականները և քաղաքի բնակիչները կարող են հայտարարագրեր տալ վնասների մասին, որոնք նրանք կրել են Սենի վարարման հետևանքով: Հեղեղումը բարձրակետին կհասնի հունվարի 29-ի առավոտյան: Սպասվում Է, որ Սենում ջրի մակարդակը միջին մակարդակից կբարձրանա մինչև 5,95 մետրի նշագիծը: Ինչպես նախազգուշացրել Է մայրաքաղաքային տարածաշրջանի բնապահպանական ծառայությունների ղեկավար Ժերոմ Գոլները, քաղաքում իրավիճակը կնորմալանա ոչ շուտ:
«Մինչև կյանքը սովորական հուն վերադառնա, շաբաթներ կանցնեն»,- նշել Է նա: Meteo-France ազգային օդերևութաբանական ծառայության նորացված տվյալների համաձայն՝ վատ եղանակի պատճառով տագնապի բարձր (նարնջագույն) մակարդակը մնում Է երկրի տասը դեպարտամենտներում: Այս միջոցը թելադրված Է, մասնավորապես, Մառնի՝ Սենի աջ վտակի պահվածքով: Գետում ջուրը շարունակում Է ավելանալ՝ իր տակ առնելով տներն ու ֆերմերների տնտեսությունները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:










































