Չնայած որ Թոմ Քրուզն ու Քեթի Հոլմսն ամուսնալուծվել են ավելի քան մեկ տարի առաջ, նրանց բաժանումը շարունակում են քննարկել մինչ օրս: Օրերս հրապարակվել է դատարանում Քրուզի ցուցմունքի արձանագրությունը, որտեղ նա պատմել է կնոջից բաժանվելու իրական պատճառների մասին:
Հիշեցնեք, որ Թոմ Քրուզը Life&Style ամսագրի դեմ դատական հայց էր ներկայացրել՝ կապված ամսագրի կողմից Քրուզի և նրա դստեր հարաբերությունների վերաբերյալ հրապարակած հոդվածի հետ: Քրուզի ելույթը հրապարակել է ամերիկյան Radar Online պորտալը:
Երբ փաստաբան Էլիզաբեթ Մակնամարը Թոմին հարցրել է, թե արդյոք ճի՞շտ է, որ նրա նախկին կինը փորձել է «Սուրիին պաշտպանել Քրուզի կրոնից՝ սաենտոլոգիայից», դերասանը պատասխանել է. «Դուք հարձակման անցաք: Ինչպես և ցանկացած հարաբերություններում, մենք միմյանց տարբեր հարցեր ունենք տալու… Սակայն այն, ինչ Դուք այժմ ասում եք, շատ վիրավորական է: Դստերս իմ հավատքից պաշտպանելու անհրաժեշտություն չի եղել»:
Այնուհետև Քրուզին հարցրել են, թե արդյոք նրա հավա՞տքն է դարձել Հոլմսի հետ ամուսնալուծության պատաճառը, ինչին նա պատասխանել է. «Այո, դա նրա փաստարկներից մեկն է եղել…»:
Պարզվել է նաև, որ ամուսնալուծությունից անմիջապես հետո Թոմ Քրուզը դստերը 110 օր չի տեսել: «Ես նրան չեմ տեսել, սակայն հեռախոսով շփվել եմ հետը: Գիտեք, ես հաջողությունների եմ հասել դրանում: Ես հիանալի պատմություններ եմ պատմում, որոնք դուր են գալիս Սուրիին»,- նշել է Քրուզը:
Փաստաբանը հանգիստ չի տվել Քրուզին. «Սակայն հեռախոսը չի կարող փոխարինել կենդանի շփմանը: Միգուցե, Դուք Ձեր հո՞րն եք նման» (Հայրը Քրուզին լքել է վաղ հասակում): «Ես չեմ հասկանում Ձեր ենթադրությունները: Սա հարձակում է»,- պատասխանել է Թոմը:














































