ՀՀ կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանն օրերս «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտարարել էր, որ բոլոր մտահոգ քաղաքացիներին, քաղաքական ուժերին ու գործիչներին առանց կուսակցական դրոշի Մարտի 1-ին հրավիրում է Ազատության հրապարակ։
Այսօր Սաղաթելյանը մեզ հետ զրույցում նշեց. «Ես քաջ գիտեմ՝ ինչ է լինելու։ Լրացում անեմ իմ նախկին հայտարարությանը՝ չեն գա, որովհետև ՀՀ քաղաքացիական հասարակությունը շատ պառակտված է, ուղղակի կամ անուղղակի կապ ունի իշխանության հետ։ Հիմա այդ հասարակությունն է ապրում Հայաստանում, չնայած մեջները կան ինձ նման խելագարներ։ Բայց միայն հատուկ ծառայությունները այդ քանակից շատ են»։
Մեր զրուցակիցը հավելում է. «Մարտի 1-ին եկե՛ք, բոլոր նրանք, ում հայրենիքն է, ու դրա մեջ պետք է լումա ունենան։ Ընդամենը 1 օր՝ 24 ժամ, եկե՛ք, կանգնե՛ք Ազատության հրապարակում, ու առանց մեկի քթից արյուն գալու՝ հնարավոր է, որ թողնեն հեռանան-գնան»։
Հայտնի է, որ ավանդաբար Մարտի 1-ին Ազատության հրապարակում հանրահավաք, այնուհետև երթ է նախաձեռնում Հայ ազգային կոնգրես կուսակցությունը։ Մուշեղ Սաղաթելյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք տեսնո՞ւմ է համագործակցության հնարավորություն. «Ես համագործակցություն ասվածը չեմ ընդունում, համագործակցեցինք՝ մի բան սա դեմ կտա, մի բան՝ նա, կեսը կդառնան Նիկոլ, կեսը՝ Վազգեն Մանուկյան, դաշնակ ու հնչակ։ Ես այդ դաշտում չեմ խաղում, ես խաղում եմ մարդկային արժեքի, ընկերոջ, հայի դաշտում»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ մեր տեսանյութում:











































