Վրաստանի գործող նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հանդիպել է եվրոպացի դիվանագետների և եվրոպական տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների հետ, շնորհակալություն հայտնել նրանց Վրաստանի հետ ակտիվ համագործակցության համար՝ հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը:
Վրաստանի նախագահը հանդիպման ընթացքում հիշել է 2008թ. փետրվարը, երբ ինքը Սպիտակ տանը հանդիպել է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի հետ, ով խորհուրդ է տվել եվրոպական կուրս վերցնել:
«Եվրոպան այն վայրն է, որտեղ գոյություն ունի ընթացակարգային ժողովրդավարություն, այնտեղ մշտապես գործընթացներ են կատարվում, և եթե դու մասնակցում ես դրանց, ոչ ոք հետ չի կանգնի քեզնից: Դուք պետք է այդտեղ լինեք՝ դա ձեր տունն է»,- մեջբերել է Սաակաշվիլին Բուշի խոսքերը և հավելել, որ ԱՄՆ նախագահը շատ իմաստուն խորհուրդ է տվել իրեն, քանի որ Վրաստանը վերադառնում է իր պատմական տունը:
Սաակաշվիլիի խոսքով՝ Վրաստանը հեշտությամբ կարող է անդամակցել Եվրասիական միությանը, Մաքսային միությանը, քանի որ այնտեղ ոչ մի արժեքներ անհրաժեշտ չեն, սակայն դա այն ուղին չէ, որը պետք է ընտրել: Նա հավելել է, որ «Եվրոպան կանգնած է արժեքների վրա և պաշտպանում է դրանք»:







































