Քսան տարի անց աշխարհում նավթի սպառման ծավալը կհասնի օրական 108.5 մլն բարելի՝ ասվում է Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) զեկույցում, փոխանցում է Vesti-ն: Կանխատեսումը վերանայվել է բարձրացման ուղղությամբ, քանի որ անցած տարի այն եղել է օրական 107.3 մլն բարել մակարդակի վրա: Հաշվետվության մեջ փոքր փոփոխությունը պայմանավորված է ՀՆԱ աճի ոչ մեծ տեմպերով (համաշխարհային տնտեսությունը մինչ 2035 թվականը կաճի 3 տոկոսով):
ՕՊԵԿ-ի փորձագետներն ընդգծում են, որ նավթի պահանջարկը կաճի զարգացող տնտեսությունների հաշվին (անցած տարվա օրական 37.8 մլն բարելից 2035-ին կհասնի 62.1 մլն բարելի): Այսպիսով՝ Չինաստանում նավթի պահանջարկը մինչ 2035 թվականը 2012-ի համեմատ կաճի 1.8 անգամ՝ հասնելով օրական 17.5 մլն բարելի, իսկ Հնդկաստանում՝ 2.5 անգամ, հասնելով օրական 9.3 մլն բարելի:
ՕՊԵԿ-ում կարծում են, որ մինչև 2018 թվականը աշխարհում նավթի պահանջարկը կաճի միջինը օրական 0.9 մլն բարելով՝ հասնելով օրական 94.4 մլն բարելի:
Համաձայն հաշվետվության՝ «սև ոսկու» գինը մինչև 2020 թվականը կմնա մեկ բարելի դիմաց 110 դոլար, իսկ 20 տարի անց կհասնի 160 դոլարի:











































