Քիչ առաջ ավարտվեց իշխող Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը, որի ընթացքում քննարկվել են ներկուսակցական և կազմակերպչական հարցեր: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը. «Քննարկվել են Արարատի ընտրությունների հետ կապված հարցեր. Հանրապետական կուսակցությունն ակնկալում է ազատ, արդար ընտրապայքար: Արարատցիներն իրենց քվեարկությամբ կորոշեն ամեն ինչ, այդուհանդերձ նշեմ, որ մեր թեկնածուի շանսերը դրական ենք գնահատում»:
Անդրադառնալով Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլու արած վերջին հայտարարությանը՝ ՀՀԿ խոսնակը նշեց, որ Հանրապետական կուսակցության և ՀՀ իշխանության կարծիքն անփոփոխ է` Հայաստան-Թուրքիա հարաբերություններում անթույլատրելի է ցանկացած նախապայման, և անթույլատրելի է այն կապել ղարաբաղյան հակամարտության հետ. «Հայերն ապրել և ապրում են Լեռնային Ղարաբաղում»:
Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ նաև նոյեմբերի 5-ի հայտնի իրադարձություններին և ասաց, որ իրավական գնահատականներով հանդես չի գալու, փոխարենն ընդգծեց հետևյալը. «Մենք պետք է կարողանանք ապահովել քաղաքացիների ազատ արտահայտման, երթերի և հավաքների ազատ անցկացման իրավունքը:
Ես պարզապես մի բան ասեմ` որոշ ընդդիմադիր գործիչներ, վախենալով ընդդիմադիր դիվիդենտներ կորցնել, իրենց մեջ քաջություն չունեցան ասելու, որ նման կոչեր հնչեցնելը և պայթուցիկներով հեղափոխություն կազմակերպելը ճիշտ չէ: Ցավում եմ, որ որևէ ընդդիմադիր գործիչ դեռևս չի քննադատել օրենքի խախտումը:
Ազատությունը, ժողովրդավարությունը և անարխիան տարբեր հասկացություններ են»:
Մանրամասները` տեսանյութում










































