Ագահությունն ու նախանձը խեղդում են հայ հասարակությանը: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ԵՊՄՀ-ի բնապահպանության ամբիոնի վարիչ, բնապահպանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարինե Դանիելյանը՝ հավելելով, որ հայ հասարակությունը բռնել է ինքնասպանության ուղին:
«Մենք թունավորված ենք նյութապաշտությամբ, իսկ դա բերում է պարտությունների: Ինչպե՞ս պետք է ինքնամաքրման ճանապարհ անցնել: Սա է ամենակարևոր հարցը: Ես հույս ունեմ, որ ինքնամաքրման ուղին դեռ սպասում է մեզ, և որ մենք կարողանալու ենք վերականգնել 88-ի ոգին: Միայն այդ ժամանակ հաղթանակներ կունենանք»,- ասաց նա՝ հավելելով, որ մենք ինքներս ջնջում ենք Երևանի պատմությունը:
Ասուլիսի մյուս բանախոս՝ Հայաստանի վաստակավոր ճարտարապետ, Ճարտարապետաշինարարական ինստիտուտի ճարտարապետության ամբիոնի վարիչ Գուրգեն Մուշեղյանն էլ հավելեց, որ Հայաստանում չկա լիարժեք հասարակության կայացման, մարդկային ճիշտ շփումների միջավայրը:
Սոցիոլոգ, հրապարակախոս Կարինե Հակոբյանի խոսքով էլ՝ այն վիճակը, որին հասել ենք, հետևանքն է անկախ պետականության առաջին տարիներին դրված հիմքերի: «Երբ անհատի շահը դառնում է գերակա, ազգը սկսում է պառակտվել: Դեռ Կոնֆուցիոսն է ասել. երբ հարստությունը միավորվում է, ազգը պառակտվում է, և հակառակը: Ժամանակն է վերանայելու արմատական այն հարցերը, որոնց արդյունքը տեսնում ենք մեր իրականության մեջ»,- ասաց նա:
Հրապարակախոսի համոզմամբ՝ նախկին ոստիկան Շանթ Հարությունյանի ընդվզման փորձը բնական արձագանքն էր երկրում առկա դժվարին իրավիճակի: «Երբ ներդաշնակ զարգացումն անհնար է, մարդիկ դիմում են հեղափոխական զարգացման»,- ասաց նա:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի









































