ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Երեկ այցելել եմ Ձերբակալվածների պահման վայր և հանդիպել նոյեմբերի 5-ի միջադեպի կապակցությամբ ձերբակալված բոլոր 20 անձանց հետ:
Շանթ Հարությունյանն ինձ տեղեկացրեց, որ Կենտրոնի ոստիկանությունում իր նկատմամբ բռնություն են գործադրել անձամբ ՀՀ Ոստիկանության պետ Վ. Գասպարյանը և Ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանը: Վերջինս նաև սպառնալիքներ է տեղացել Շանթ Հարությունյանի որդու հասցեին և նվաստացուցիչ, սեռական բնույթի հայհոյանքներ տվել: Ըստ Շանթ Հարությունյանի, մի խումբ ոստիկաններ այդ ընթացքում իր ձեռքերը բռնած են եղել:
Անձամբ Վ. Գասպարյանի կողմից բռնության ենթարկվելու մասին հայտարարեց նաև ձերբակալված ազատամարտիկ Վարդան Վարդանյանը: Ոստիկանները Վարդանյանի կրծքից պոկել են նաև պետական պարգևների արժանացածի կրծքանշանը:
Որպես ԱԺ պատգամավոր պահանջում եմ այս հայտարարությունների կապակցությամբ պատշաճ քննության իրականացնել»:











































