Բրիտանացի երկու ուսանողուհիներ, Հելոուինի տոնին 2001 թ. սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում ահաբեկչության հետևանքով ոչնչացված երկվորյակ աշտարակների հագուստները հագնելով, քննդատությունների են ենթարկվել, գրում է The Sun-ը:
19-ամյա Էմբեր Լենգֆորդն ու Էնի Կոլլիջն իրենց հագուստների համար Չեսթերի գիշերային ակումբում մրցանակի են արժանացել:
New York Post-ի տվյալներով՝ հագուստների վրա եղել են «Հյուսիսային աշտարակ» և «Հարավային աշտարակ» գրությունները, իսկ գլխարկները ներկայացրել են ինքնաթիռի կտորներ:
Աղջիկների հարազատները քննադատել են նրանց այն բանի համար, որ ցավ են պատճառել Համաշխարհային առևտրի կենտրոնում զոհվածների հարազատներին: «Ես ոչինչ չգիտեի նրա արարքի մասին, սակայն ես ցնցված եմ»,- ասել է աղջիկներից մեկի հայրը:
Չորեքշաբթի օրը աղջիկները ներողություն են խնդրել նրանցից, ում իրենց արարքով ցավ են պատճառել: «Մենք երբեք ագրեսիվ տրամադրված չենք եղել: Այս հագուստների գաղափարը նրանում է, որ ցուցադրվեն այն սարսափները, որոնք կատարվում են մեր կյանքում: Մենք չենք ցանկացել ծիծաղել ինչ-որ մեկի վրա»,- ասել են ուսանողուհիները:













































