ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարին կհայտարարի «միասնական կառավարական» մոտեցման մասին, որը կհեշտացնի ամերիկյան զենքի արտահանումը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Սպիտակ տան աղբյուրներին։
Նախագահի վարչակազմն ավարտում է «Գնիր ամերիկյանը» նոր ռազմավարության մշակումը՝ երկրի պաշտպանական-արդյունաբերական համալիրի զարգացման համար։
Համաձայն հայեցակարգի՝ ամերիկացի ռազմական կցորդները և դիվանագետները կգործեն որպես պաշտպանական կապալառուների ներկայացուցիչներ։ ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին կվստահվի տարբեր տեսակի ռազմական արտադրանքի խթանում՝ կործանիչներից և անօդաչուներից մինչև նավեր և հրետանի։

Զենքի վաճառքից հավելյալ եկամուտները կարող են նվազեցնել ԱՄՆ առևտրային դեֆիցիտը և մեծացնել ամերիկացիների համար աշխատատեղերի թիվը։ Այդ երկու կետերն էլ եղել են Թրամփի նախընտրական արշավի մաս։









































