Հայտնի է, որ ամանորյա տրամադրությւոնը ոչ բոլորին է այցելում: Կոպենհագենի համալսարանի գիտնականները պարզել են պատճառը, հայտնում է The Daily Mail-ը: Նշվում է, որ ուղեղում կան մասեր, որոնք որոշում են տոնական տրամադրության առկայությունը կամ բացակայությունը: Ուղեղի սքանավորումը ցույց է տվել 5 գոտի, որոնք ավելի են ակտիվանում Ամանորի և Սուրբ ծնունդի մոտենալու հետ կապված ուրախություն և կարոտ զգացող մարդկանց դեպքում: Այդ գոտիներն ավելի վաղ արդեն կապել են հոգևոր վիճակի, այլ մարդկանց դեմքին հույզերի ճանաչման, ֆիզիկական զգացողությունների հետ:

Ուսումնասիրությունը կատարվել է 20 կամավորի օրինակով: Նրանց կեսը երբեք չի նշել Սուրբ ծնունդը: Նրանց ձմեռային տոների հետ կապված լուսանկարներ են ցույց տվել: Այս պահին ուղեղի սքանավորում է կատարվել: Սքանավորումը հնարավորություն է տվել փոփոխություններ արձանագրել թթվածնով արյան հագեցածության մակարդակում և արյան շրջանառության մեջ: Դա ցույց է տվել՝ ուղեղի որ գոտնիներն են ակտիվացել ի պատասխան պատկերների:
Հենց ուղեղի 5 գոտիների ակտիվացման մակարդակով է հնարավոր եղել դատել՝ արդյոք մարդը նշո՞ւմ է Սուրբ ծնունդը, և ինչպե՞ս է վերաբերվում ձմեռային տոներին: Որքան մեծ է եղել ակտիվությունը՝ այնքան ավելի շատ դրական հույզեր են առաջացել Սուրբ ծնունդի հետ կապված:










































