ԱՄՆ-ում ոստիկանությունը ձերբակալել է տղամարդուն, ով անընդմեջ գանգատվել է «911» փրկարար ծառաությանը ռեստորանում իրեն մատուցված փոքր կակղամորթներից։ Այս մասին հայտնում է Fox News-ը։
Դեպքը տեղի է ունեցել Ֆլորիդա նահանգի Ստյուարտ քաղաքում։ 51-ամյա Նելսոն Ագոստոն ռեստորաններից մեկում պատվիրել է ծովամթերային սնունդ, սակայն, տեսնելով կակղամորթների չափսերը, խիստ հիասթափվել և դիմել է ոստիկանություն։
«Նա գանգատվել է, որ իր կերած կակղամորթներն այնքան փոքր են եղել, որ դրանց համար չի ցանկացել վճարել»,-ասել է սերժանտ Բրայան Բոսիոն։
Նա նշել է, որ տղամարդը սկզբում գանգատվել է ռեստորանի աշխատակիցներին, որից հետո իրեն տրամադրել են ևս մեկ սննդաբաժին անվճար։
Սակայն դա Ագոստոյին էլի քիչ է թվացել, և նա կրկին զանգահարել է «911» ծառայություն։ Այնտեղ նրան խորհուրդ են տվել զանգահարել ոստիկանկան գիծ, որը կապված չէ արտակարգ իրավիճակների հետ։
Դրանից հետո տղամարդը ևս 2 անգամ հավաքել է «911»համարը։ Առաջին անգամ նա հայտարարել է, որ մոռացել է իրեն տրված համարը, երկրորդ անգամ վստահեցրել է դիսպետչերին, որ չի կարողանում միանալ իրեն թելադրված համարով։









































