Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրով գյուղացիական տնտեսություններին տրամադրվել է 557 միավոր վարկ 2.5 միլիարդ դրամի չափով: Այս թվերը լրագրողներին ներկայացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը: Նա տեղեկացրեց, որ ևս 288 միավոր վարկ գտնվում է քննարկման փուլում` ընդհանուր պորտֆելը 1.4 միլիարդ դրամ չափով է: «Նախկինում էլ գործում էր գյուղատնտեսական ոլորտին տրամադրվող վարկերի սուբսիդավորման ծրագիրը, որով 8 տոկոսով էին գյուղացիները ստանում վարկերը: Կառավարությունը սեպտեմբերին նոր որոշում ընդունեց, որով գյուղացիական տնտեսությունները սուբսիդավորման արդյունքում վարկ են ստանում 5 տոկոսով, սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքներում` 3 տոկոսով, 3 տոկոս է սահմանված նաև գյուղատնտեսական կոոպերատիվների համար»,-ասաց փոխնախարարը:
Հարցին ի պատասխան, թե սահմանամերձ շրջաններից քանի գյուղացի է օգտվել այս ծրագրից` Ռոբերտ Մակարյանը նախ հստակեցրեց, որ խոսքը վերաբերում է կառավարության որոշմամբ սահմանված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքներին, ապա ասաց. «Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ծրագրի շահառուների 3-4 տոկոսն են կազմում սահմանամերձ շրջանների գյուղատնտեսները»: Ի դեպ` սոցիալական աջակցություն է տրամադրվում ՀՀ Արարատի (թվով 2), Գեղարքունիքի (թվով 2), Վայոց Ձորի (թվով 5) և Տավուշի մարզերի (թվով 25) 34 սահմանամերձ համայնքների բնակիչներին:
Փոխնախարարը հայտնեց նաև, որ մինչև վարկ ստանալը ֆերմերային տնտեսությունները պետք է «Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի» մարզային կառույցներում անցնեն դասընթացներ, ստանան հավաստագրեր: Նրա խոսքով` դասընթացների արդյունքում ֆերմերները ստանում են գործարար ծրագրեր կազմելու, ագրոտեխնիկան կիրառելու հմտություններ, բարձրացվում է ֆինանսական գրագիտությունը: «Այս դասընթացները հնարավորություն են տալիս գյուղացուն ուղղորդել ավելի շահավետ գործունեության»,-ասաց փոխնախարարը` հավելելով, որ մինչ այժմ 4 հազար 200 հավաստագիր է տրամադրվել գյուղացիներին: Ծրագիրը հունվարից շարունակվելու է, Ռոբերտ Մակարյանը խորհուրդ տվեց գյուղատնտեսներին դիմել հիմնադրամի մարզային կառույցներ, ձմռանն անցնել դասընթացները, իսկ գարնանը գյուղատնտեսական աշխատանքները սկսելուց առաջ վարկավորվել ու գործունեություն ծավալել:









































