«Եթե նպատակն այն է, որ պարոն Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ՝ թեպետ խոստացել էր, որ չի դառնալու, ուրեմն իշխանությունն ամեն ինչ կանի դրան հասնելու համար։ Իշխանության կարկառուն ներկայացուցիչները փողոցի բոլոր անկյուններում կգոռան, որ միայն սա է ճշմարիտ ուղին, դրանով պետք է ազգը գնա ու անտրտունջ համակերպվի այդ հեռանկարի հետ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը՝ ի պատասխան մեր այն հարցի, թե արդյոք Ղարաբաղյան խնդիրը և անվտանգության հետ կապված հարցերը կարո՞ղ են օգտագործվել Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալու ծրագրի համար։ Որքանո՞վ է դա հիմնավոր:
«Եթե ելնենք այն հանգամանքից, որ ներկայիս բանակցային օրակարգն ու բանակցային դրույթները, որ կիրառվում են թե՛ միջնորդների, թե՛ պաշտոնական Բաքվի ու Երևանի կողմից, հանգում են մի բանի, որ այս խնդրի կարգավորումը տարածք հանձնելու միջոցով է լինելու, և նախատեսում է Արցախի տարածքի երկու երրորդի հանձնում հակառակորդին՝ լավ է ընդհանրապես չբանակցել, կործանարար է»։
Այս օրերին Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներն իրար հերթ չտալով հայտարարում են, որ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է, և պատրաստ են անգամ խնդրել վերջինիս զբաղեցնել վարչապետի պաշտոնը։ Արման Մելիքյանը նշում է՝ այդ մտածողությունն աղետալի կարող է լինել: «Երկրի ճակատագիրը մեկ անձի հետ կապելով՝ նրանք այդ ճակատագրի վրա մեծ քար են գլորում։ Դրանով ասում են՝ եթե նա չլինի, մենք չկանք։ Մենք՝ 0, նա՝ 100 տոկոս։ Այդ անհամարժեք գովասանքի երգ երգողները շատ վատ ծառայություն են մատուցում ոչ միայն երկրին, այլև պարոն Սերժ Սարգսյանին»,- եզրափակեց նա։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:







































