Ինքնաթիռում կոշիկները հանած ուղևորը դանակի հարված է ստացել բուրող գուլպաների պատճառով։ Այս մասին հաղորդվում է ՌԴ ՆԳՆ Կալինինգրադի մարզի վարչության կայքում։
Կոնֆլիկտը երկու տղամարդկանց միջև սկսվել էր դեռևս թռիչքի ժամանակ։ Ուղևորներից մեկին դուր չէր եկել մյուսի գուլպաներից փչող հոտը, ինչի մասին նա բարձրաձայնել էր։ Վիրավորանքներով ուղեկցված լեզվակռիվը շարունակվել է ողջ չվերթի ընթացքում, իսկ վայրէջքից հետո նրանք սկսել են հարաբերություններ պարզել ուժի գործադրմամբ արդեն «Խրաբրովո» օդանավակայանի կայանատեղիում։
Արդյունքում, քննության վարկածով, 54-ամյա կասկածյալը դուրս է բերել դանակն ու հարվածել 31-ամա հակառակորդի կրծքին՝ վնասելով սիրտը։
Հարուցվել է քրեական գործ «Առողջությանը միտումնավոր ծանր վնաս հասցնելու» հոդվածով։ Չարագործին սպառնում է 10 տարվա ազատազրկում։












































