«Կան նոր դռներ, որոնք պետք է բացել ու հաղորդակցվել աշխարհի հետ․սա շատ լավ հնարավորություն է, որպեսզի մենք արդեն ստորագրված համաձայնագրի շրջանակներում կարողանանք աշխարհին ներկայացնել մեր մշակույթը և համաշխարհային մշակույթը ներկայացնել Հայաստանում։ Դժվար է այս պահին առարկայական ասել, թե ինչ առաջընթաց կունենանք, բայց վստահ եղեք, որ եկող տարի մենք կունենանք բավականին լուրջ առաջընթացներ մշակութային դաշտում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը՝ անդրադառնալով Հայաստանի և ԵՄ-ի միջև Բրյուսելում ստորագրված Շրջանակային համաձայնագրին։
Արմեն Ամիրյանը կարծում է, որ այս համաձայնագրով Հայաստանը կարձանագրի լուրջ առաջընթաց ոչ միայն մշակութային բնագավառում, այլև հանրային կյանքի գրեթե բոլոր ոլորտներում։
Հարցին, թե որքանո՞վ է այսօր Հայաստանը համահունչ եվրոպական քաղաքակրթությանը, նախարարը պատասխանեց․
«Մենք արդեն համահունչ ենք և ոչ միայն պատմականորեն, այլ նաև անկախության վերջին 25 տարիներին բազմաթիվ առումներով մենք ինտեգրված ենք եվրոպական հասարակությանը, մտայնությանը՝ հատկապես մշակույթի առումով․ եթե դատելու լինենք միայն այն համաձայնագրերով, որ մշակույթի նախարարությունն է ստորագրել և հիմա կինոյի զարգացման մասին համաձայնագիրը և շատ այլ ծրագրեր, ապա պետք է ասեմ, որ մենք մեծամասամբ արդեն ինտեգրված ենք եվրոպական հասարակությանը»։
Մանրամասները՝ տեսանյութում։











































