ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Մայքլ Պոմպեոն արդեն ծրագրում է պետքարտուղարության վերակազմավորում և պատրաստվում գլխավորել արտաքին քաղաքական գերատեսչությունը։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ հղում անելով Սպիտակ տան աղբյուրներին։
«Պոմպեոն հանգիստ նոր անձնակազմ է փնտրում և փորձում գլուխ բերել հարցից, թե ինչպես կարելի է վերակազմավորել Պետդեպը, որպեսզի այն կրկին սկսի արդյունավետորեն աշխատել»,-ասել է աղբյուրը։
Պարբերականի տվյալներով՝ Մայքլ Պոմպեոն այժմ խորհրդակցություններ է անցկացնում Կոնգրեսում իր ծանոթների հետ և խորհուրդներ ակնկալում Պետդեպը ղեկավարելու հարցով։
Ավելի վաղ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նաուերթը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և գործող պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն ակնհայտ տարաձայնություններ ունեն քաղաքականության ոլորտում։









































