Այսօր Ազգային ժողովը կազմակերպել է խորհրդարանական լսումներ «Ելք» խմբակցության նախաձեռնության հարցով, որը վերաբերում է Հայաստանի մասով ԵՏՄ պայմանագրի գործողության դադարեցմանը:
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ներկայացնելով ԱԺ-ում շրջանառության մեջ դրված նախագծի տեքստը, ասաց, որ ՀՀ-ում ԵՏՄ-ին անդամակցելուց հետո տեղի է ունեցել էական հետընթաց, այդ անդամակցությունը չի ամրապնդել ՀՀ անվտանգությունը, Հայաստանի ՀՆԱ-ն կրճատվել է 8 տոկոսով, պետական պարտքն աճել է 10 տոկոսով, պակասել են ներդրումները, անխուսափելիորեն թանկանալու են առաջին անհրաժեշտության շուրջ 900 ապրանք, ընդ որում՝ 759 ապրանք թանկանալու է հունվարի 1-ից: Հաշվի առնելով այս և մյուս հանգամանքները՝ Մարուքյանը հայտարարեց. «Ազգային ժողովը պետք է որդեգրի ԵԱՏՄ-ից հեռանալու քաղաքական ուղեգիծ և ՀՀ մասով ԵՏՄ պայմանագիրը դադարեցնելու գործընթաց սկսի»:
Պատգամավորը նշեց, որ ԵԱՏՄ պայմանագիրը թույլ չի տալիս, որ Հայաստանի Հանրապետությունը կարողանա երկկողմ ազատ պայմանագրեր կնքել տարբեր երկրների հետ, և արձանագրեց, որ ԵԱՏՄ համաձայնագիրը չի գործում. «Սա Ռուսաստանի հերթական նախաձեռնությունն է, որը մնացել է թղթի վրա»:
Մարուքյանի խոսքով՝ ասվում է, որ ԵԱՏՄ-ի հետ կապված՝ կարգուկանոն, ճիշտ է, չկա, բայց պետք է կարողանալ «շուստրի» լինել, պետք է կարողանալ օգտվել դրանից: «Մենք չենք ուզում լինել մի միության անդամ, որտեղ պետք է շուստրի լինես, որ շահ ստանաս, որտեղ պետք է բաշարես, որ օգուտ քաղես»,- ասաց նա՝ հավելելով, որ մյուս քարոզը շանտաժն է:
Մանրամասները՝ տեսանյութում:









































