Սպառողական շուկայում վերջին ամիսներին արձանագրված գնաճը ոչ միայն նվազելու միտում անգամ չունի, այլ հակառակը՝ տարբեր տնտեսագետների համոզմամբ՝ հետզհետե ավելանալու է։ Ավելին՝ այս օրերին խանութներում և սուպերմարկետներում նկատվում է նաև հավկիթի դեֆիցիտ և դրա գնի զգալի բարձրացում՝ նախկին 55-65 դրամի փոխարեն դառնալով 85-90 դրամ։ Տարբեր խանութներում վաճառվող հավկիթների վրայի մակնշումը փաստում է, որ դրանք ներմուծված են Հայաստան։ Մինչդեռ նկատենք, որ ներմուծման պարագայում հավկիթի գինը ոչ թե պետք է բարձրանար, այլ հակառակը՝ նվազեր, սակայն պատկերը բոլորովին այլ է։
Առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների թանկացման վերաբերյալ «Առաջին լրատվական»-ը զրուցեց Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ, Հանրային խորհրդի անդամ Վազգեն Սաֆարյանի հետ։
«Տարիներ շարունակ ձվի շուկայում մենք ինքնաբավ էինք, և դրսից հավկիթ գրեթե չէր ներկրվում։ Այս տարվա երաշտի պայմաններում, երբ քիչ է արտադրվել գարի, սա որպես թռչնակեր ունեցել է իր նշանակությունը, և դրա համար էլ տեղական ներմուծողները կարողացել են հավկիթ ներկրել Հայաստան»,- նշեց Վազգեն Սաֆարյանն ու հավելեց, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն, որպեսզի կասեցվի այդ գործընթացը։
«Առաջին հերթին պետություն-մասնավոր սեկտոր գործընկերությունը պետք է զարգանա, և պետությունը նման իրավիճակում պետք է կարողանա թռչնաբույծներին օգնել՝ էժան վարկեր տրամադրելով, որպեսզի նրանք էլ իրենց հերթին կարողանան ներմուծել էժան թռչնակեր, որը չի բերի ձվի գնի թանկացման։ Իսկ ինչ վերաբերում է ներմուծողներին, ապա նրանք, տեսնելով, թե ինչ գներ են սահմանված ներքին շուկայում, փորձում են այդ սահմաններում պահել ձվի գինը՝ դրանով իսկ ավելի շահույթներ ստանալով, քան կարելի էր ակնկալել։
Այս իմաստով առաջին անհրաժեշտության մթերքների գնային քաղաքականությունը պետք է պետականորեն կարգավորվի ու հսկվի, և ոչ մի պարագայում չի կարելի դա թողնել շուկայի քմահաճույքին»,- ասաց նա։
Վերջինիս խոսքով՝ նախկինում, երբ ձուն վաճառվում էր 50-55 դրամով, դա սպառողական շուկայում համարվում էր տանելի, բնակչությունն այդքան էլ չէր դժգոհում, և թռչնաբույծներն էլ էին կարողանում իրենց շահույթն ապահովել։
Վերջինս նաև կարծում է, որ 2018թ.-ի բյուջեն պետք է հիմք հանդիսանա, որպեսզի կառավարությունը լրջագույն կերպով վերանայի իրականացվող տնտեսական քաղաքականությունը։
Մանրամասները՝ տեսանյութում:








































