Գեղարքունիքի մարզում նոյեմբերի 22-ին տեղացած ձյան և բացասական ջերմաստիճանի պայմաններում մերկասառույց է ձևավորվել մարզի միջպետական, հանրապետական ու մարզային նշանակության որոշ ճանապարհներին:
Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի վարիչ Գևորգ Խաչատրյանը, ձյան տեղումներ հիմնականում գրանցվել են Սևանի և Ճամբարակի տարածքներում և Վարդենյաց լեռնանցքում, մոտ 5-10 սանտիմետր շերտով: «Ճանապարհները հիմնականում մաքրված են ձյունից, սակայն մերկասառույց առկա է Սևանում, Ճամբարակի և Վարդենյաց լեռնանցքներում, որտեղ իրականացվել են մշակման աշխատանքներ:
Հետկեսօրին արևեոտ եղանակի ազդեցությամբ ճանապարհները, հավանաբար, կարող են ազատվել մերկասառույցից: Ամեն դեպքում, առայժմ մարզում փակ կամ դժվարանցանելի ճանապարհներ չկան»,-նշեց Գևորգ Խաչատրյանը: ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի մարզի Ճգնաժամային կառավարման կենտրոնի տվյալներով՝ երեկ և այսօր կենտրոնը ստացել է մի քանի ահազանգ, որոնք վերաբերել են մերկասառույցի պատճառով ավտոմեքենաների արգելափակվելուն կամ ճանապարհի երթևեկելի մասերից դուրս գալուն:








































